Նորաձեւության հայտնի տունը չափազանց «գեր» մոդելին արգելել է բացել ցուցադրությունը

19:03   22 փետրվարի, 2019

Բրիտանացի մոդել Էդի Քեմփբելին արգելել են Միլանում նորաձեւության շաբաթի շրջանակներում բացել ցուցադրությունն ավելորդ քաշի պատճառով։ Այդ մասին նա պատմել է Instagram-ի Stories բաժնում։

28-ամյա Քեմփբելը պոդիումում հայտնվել է իտալական Fendi նորաձեւության տան շոուի ընթացքում, ինչից հետո լուսանկար է հրապարակել նկարչուհի Քրիստոբալ Մակգրիվի հետ հյուրանոցում նախաճաշի ընթացքում։ «Երբ ապրանքանիշը պնդում է, որ չափազանց խոշոր ես՝ ցուցադրությունը բացելու համար, Քրիստոբալին շքեղ նախաճաշի ես հրավիրում»,- սելֆին մակագրել է նա։

Էդի Քեմփբելը 2013թ.-ին British Fashion Awards մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Տարվա մոդել» մրցանակին։ Նա համագործակցել է նաեւ համաշխարհային այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Chenel-ը եւ Burberry-ին, լուսանկարկվել է Vogue ամսագրի բրիտանական տարբերակի համար։

Ավելի վաղ՝ փետրվարին, Chloe ֆրանսիական ներաձեւության տանը մեղադրել էին գովազդային արշավի համար, որին չափազանց նիհար մոդել է մասնակցել։ Հոլովակում աղջիկը ցուցադրում էր գույնզգույն տոպ, որի վրա ապրանքանիշի լոգոտիպն էր պատկերված եւ կարճ շրջազգեստը, որը զարդարված էր ծոպերով։ Նրա ձեռքում Mini Chloe C պայուսակն էր, սակայն մարդկանց ուշադրությունը գրավել էր նրա «անառողջ արտաքինը»։



© NEWS.am STYLE