«Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին` հայերի շրջապատում մեծանալու եւ Շառլ Ազնավուրի հետ վերջին հանդիպման մասին (ֆոտո/վիդեո)

13:34   24 փետրվարի, 2019

Աշխարհահռչակ դերասան, «Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերիի երեւանյան առաջին առավոտը հրաշալի էր:

Հայտնի ֆրանսիացին տպավորված է հայ ընկերների հյուրասիրությամբ եւ այստեղի ջերմ մթնոլորտով, որը սկսվել է դեռեւս երեկվանց, երբ մի խումբ երկրպագուներ եւ լրագրողներ նրան դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում: Նասերին ոչ միայն մեծ սիրով լուսանկարվեց բոլոր ցանկացողների հետ,այլեւ նույն ոգեւորությամբ կիսվեց այդ լուսանկարերով Instagram-ի story բաժնում:

Հայաստանից ստացած իր դրական տպվորություններով Նասերին այսօր կիսվեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Դերասանը նշեց, որ Հայաստան է ժամանել Գագիկ Ծառուկյանի հրավերով: Այսօր երեկոյան Նասերին ներկա կլինի MIX FIGHT 40 խառը մենամարտերի մրցաշարին:

«Սպորտ, առհասարակ, շատ եմ սիրում, երբ փոքր էինք, ես եւ եղբայրս պարապում էինք Ֆրանսիայում ամենահայտնի մարզիչներից մեկի մոտ: Հետո սկսեցի նկարահանվել եւ հասկացա, որ կինոն ավելի զիլ է»:

Հայաստանի մասին Սամին շատ բան չգիտի, բայց ունի շատ հայ ընկերներ, ասում է` մեծացել են այնպիսի թաղամասում, որտեղ հայերը շատ էին.

«Կարելի է ասել` հայերի շրջապատում ենք մեծացել»,-կատակում է աշխարհի ամենահայտնի «տաքսիստը»` հավելելով, որ աշխատում է քաղաքականության մասին էլ չխոսել, հատկապես, երբ խոսքն այլ երկրի մասին է:

Փոխարենը նրա եղբայրը` Բիբին, որը եւս ներկա էր ասուլիսին, նշեց, որ հայերի շրջապատում մեծանալով` միշտ ցանկացել է ֆիլմ նկարահանել հայերի մասին: Իսկ ահա Նասերին անցած տարի հասցրել է նկարահանվել հայ ռեժիսոր Արտակ Իգիթյանի «Անատոլիական պատմություն» ֆիլմում, որտեղ Ժերար Դարմոնի հետ մարմնավորում են գլխավոր հերոսներին:

«Ժերար Դարմոնի որդու դերում եմ հանդես գալիս, բայց չեմ ցանկանում շատ մանրամասներ ներկայացնել, որպեսզի ավելի հետաքրքրությամբ սպասեք ֆիլմին»:

Խոսելով Հայաստանի ու հայերի մասին` Նասերին չէր կարող, պարզապես, չհիշատակել Շառլ Ազնավուրին, որի հետ բավականին մտերիմ է եղել, որից ոգեշնչվել է դեռեւս մանկության տարիներին.

«Շատ հիշողություններ ունեմ Ազնավուրի հետ կապված: Երբ փոքր էինք, ընտանիքով հաճախ էինք ճամփորդում մեքենայով, ու հայրիկս ճանապարհին հենց Ազնավուրի երգերն էր միացնում: Երբ սկսեցի նկարահանվել, անձամբ ծանոթացա Ազնավուրի հետ, սակայն ցավոք` համատեղ ֆիլմ ունենալ չհաջողվեց: Վերջին անգամ Ազնավուրին հանդիպել եմ Վերսալում, համերգից հետո... Նստեցինք ռեստորաններից մեկում ու մինչեւ ուշ գիշեր զրուցեցինք. պատմում էր Պիաֆի եւ մյուս մեծությունների մասին...»:

Դերասանը հավելեց` Ազնավուրի բոլոր երգերն է սիրում, բայց լրագրողներին նվիրեց «La Mama» երգի իր կատարումը:

Նասերին խոսեց նաեւ Լյուկ Բեսոնի մասին, որի շնորհիվ ինքը` այն ժամանակ դեռեւս անհայտ տղան, նկարահանվեց «Տաքսի» ֆիլմաշարում` ձեռք բերելով համաշխարհային ճանաչում: Նշեց, որ տպավորված էր պրոֆեսիոնալ վարորդների եւ կասկաձյորների հետ աշխատանքից, բայց ցավով հավելեց, որ նույն պրոֆեսիոնալիզմը չի նկատում ֆիլմի 5-րդ մասում:

Սամի եւ Բիբի հայտնի եղբայրները դեռեւս շատ բան չեն հասցրել տեսնել Երեւանում: Այսօր կփորձեն բացահայտել քաղաքը, իսկ վաղվա օրը կնվիրեն Հայաստանի տեսարժան վայրերի բացահայտմանը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE