«Սա աղջիկների՞ համալսարան է, թե՞ տղաների». Սամի Նասերին ԵՊՀ-ում հանդիպեց ուսանողների հետ

17:19   25 փետրվարի, 2019

«Տաքսի» ֆիլմի հայտնի դերասան Սամի Նասերին եւ նրա եղբայրը` «13-րդ թաղամասը» ֆիլմից հայտնի Բիբի Նասերին այսօր այցելել են Երեւանի պետական համալսարան եւ հանդիպել ուսանողների հետ։

Սամի Նասերին պատմել է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում բավականին շատ բան են հասցրել տեսնել։ «Արդեն այցելել ենք Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարան, բնականաբար, չէինք կարող լինել Երեւանում եւ չայցելել Շառլ Ազնավուրի թանգարան, գալիս ենք Հայոց ցեղասպանության հուշահամալիրից, ծաղիկներ դրեցինք զոհերի հիշատակին։ Կայցելենք նաեւ «Լոֆթ», որտեղ կհանդիպենք երիտասարդների հետ։ Եվ վերջապես կգնանք ուտելու»,– կատակեց Բիբի Նասերին։

Սամի Նասերին խոսեց նաեւ իր ֆուտբոլային նախընտրությունների մասին, նշեց, որ իր համար Զիդանը մնում է լավագույն ֆուտբոլիստը։ Կյանքի կարգախոսի մասին հարցին «Տաքսի» ֆիլմի հայտնի դերասանը պատասխանեց. «Իմ կյանքի սկզբունքն իմ մասնագիտությունն է, իմ որդին, եւ հարգանքը դիմացինի նկատմամբ, անկախ նրանից, թե ինչ կրոն է նա դավանում, ինչ կարծիք նա ունի»։

Հայկական ուտեստներից Սամի Նասերին չխոսեց, իսկ նրա եղբայրը, մասնավորապես, շեշտեց, որ հայկական ուտեստներն ավելի համեղ չեն, քան ֆրանսիական ուտեստները. «Չեմ ցանկանում վիրավորվել հայերին, բայց հայկական խոհանոցում ոչ մի ավելի համեղ ուտեստ, քանի ֆրանսիական խոհանոցում է, չկա»։

Սամի Նասերին ընդգծեց, որ «Տաքսի» ֆիլմն օգնել է իրեն, որ հայտնի դառնա, իսկ մինչ այդ շատ ֆիլմերում էր նկարվել, սակայն այդպիսի հռչակ չէր վայելում։ Հարցին՝ հայ ընկերներ ունի՞ արդյոք, Սամի Նասերին ասաց, որ շատ հայ ընկերներ ունի, ավելին՝ մտերիմ է եղել Շառլ Ազանավուրի հետ. «Մեծացել եմ Փարիզի հայկական թաղամասում, շատ հայ ընկերներ ունեմ, բացի այդ մտերիմ եմ եղել Ազնավուրի հետ»։

Վերջում Սամի Նասերին զարմացել է, թե ինչու են ներկաների մեջ մեծ մասը աղջիկներ. «Սա աղջիկների՞ համալսարան է, թե՞ տղաների։ Հայ աղջիկները ավելի խելացի են, քան տղաները»։



© NEWS.am STYLE