«Ուզում եմ բարձրացնել Հայաստանի ու Արցախի դրոշները». Սերգեյ Վարդեւարյանը՝ բուլղարական «Ձայնը» նախագծում իր հաջողության մասին

13:25   26 փետրվարի, 2019

Հայ երաժիշտներտը շարունակում են անհավանական Հաջողություններ գրանցել միջազգային նախագծերում: Օրերս մեր հայրենակիցներից մեկը՝ Սերգեյ Վարդեւարյանը, հիացրել է Բուլղարիայի «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին եւ հանդիսատեսին: Բոլոր երեք անդամները շրջվել են նրա՝ Show Me How To Live կատարման ժամանակ, իսկ կիթառահար եւ կոմպոզիտոր Իվան Լեչեւը չի կարողացել զսպել հիացմունքն ու, նույնիսկ, զուգերգ է կատարել հայ մասնակցի հետ:

NEWS.am STYLE-ն ուշի ուշով հետեւում է մեր հայրենակիցների միջազգային ելույթներին: Մենք շնորհավորել ենք նաեւ Սերգեյին եւ նրա հետ զրուցել Բուլղարիայում բնակվելու եւ բուլղարական «Ձայնը» նախագծում գրանցած հաջողության մասին:

Հայ երաժիշտը ծնվել է Բուլղարիայում, ծնողները Երեւանից են:

«Հայասանում եղել եմ շատ քիչ, բայց անչափ հպարտ եմ ու սիրում եմ մեր երկիրը»:

Սերգեյը երգում է 7 տարեկանից, սովորել է Բուլղարիայում, անցած տարի ավարտել է կոնսերվատորիան՝ փոփի եւ ջազի ֆակուլտետը: Երաժիշտը մինչեւ «Ձայնը» նախագիծը մասնակցել է տարբեր երաժշտական փառատոնների, իսկ 2016 թ-ին իր խմբի հետ հաղթել է The Power of Rock մրցույթում: Եվ չնայած այդ ամենին՝ Սերգեյն ասում է՝ մրցույթներ չի սիրում, իսկ նախագծին մասնակցել է ծնողների հորդորով:

Անդրանադառնալով իր գրանցած հաջողությանն ու ժյուրիի հիացական արձագանքին՝ Սերգեյն ասում է.

«Ճիշտն ասած՝ չէի սպասում այդ ամենին, որովհետեւ իմ երաժշտական ոճը մի փոքր ծանր է շատերի համար: Շատ ուրախացա, երբ Իվան Լեչեւը հարգեց իմ ելույթն ու բարձրացավ բեմ: Ինձ համար դա մեծ պատիվ էր: Հենց նրան էլ ընտրեցի, որովհետեւ միայն նա կարող է հասկանալ այդ ոճի գեղեցկությունը, միգուցե այն պատճառով, որ կիթառահար է»:

Հայ մասնակիցն արդեն պատրաստվում է նախագծի մյուս փուլերին.

«Էլի ռոք կատարումներ եմ պատրաստում: Հուսով եմ՝ այլ հնարավորություններ էլ կունենամ կատարելու: Եթե հասնեմ եզրափակիչ փուլ, անպայման ուզում եմ բարձրացնել Հայաստանի եւ Արցախի դրոշները»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE