Ստամբուլաբնակ հայազգի ոսկերիչը շքեղ ժամացույցներ է թողարկել

14:51   26 փետրվարի, 2019

Ստամբուլաբնակ ոսկերիչ Սեւան Բըչաքչըն, ով մեր ժամանակների ամենահայտնի եւ ամենաճանաչված ոսկերիչներից է, ձեռքի ժամացույցների յուրօրինակ հավաքածու է թողարկել։

Forbes-ի հաղորդմամբ՝ հայազգի ոսկերիչն առաջին անգամ է ժամացույցի հավաքածու ներկայացնում, որի վրա աշխատել է մոտավորապես 10 տարի։ Հավաքածուն բաղկացած է 85 ժամացույցից, որոնցից յուրաքանչյուրն արվեստի գործ է։ Նշվում է, որ ժամացույցները կարող են գլուխգործոց համարվել։

Ժամացույցների պատրաստման համար ոսկերիչը հիմնականում ոսկի եւ արծաթ է օգտագործել, դրանց մի մասը զարդարված է ադամանդներով եւ այլ թանկարժեք քարերով։ Ըստ Forbes-ի՝ հավաքածուում ներառված 85 ժամանացույցների արժեքը տարբեր է, հասնում է մինչեւ 2 մլն դոլար։

«Նա բազմաթիվ մրցանակների է արժանացել իր աշխատանքների համար, որոնցից յուրաքանչյուրն առեղծվածային է կամ մոգական»,- հայ արմատներով ոսկերչի մասին գրել է հրատարակությունը։

Լուսանկարները՝ Forbes



© NEWS.am STYLE