Լիլիթ Հովհաննիսյանի երեւանյան մենահամերգին տեղի կունենա նրա Dream երգի պրեմիերան

13:47   1 մարտի, 2019

Սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի Dream երգի եւ համանուն տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայանալիք Dream World Tour-ի համերգին:

Լիլիթ Հովհաննիսյանի այս նոր երգի վերնագիրն է կրում երգչուհու համաշխարհային շրջագայությունը, որի շրջանակում համերգներ են տեղի ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Իսրայելի, Լատվիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ այլ երկրների քաղաքներում:

Dream երգի տեսահոլովակը նկարահանվել է տարվա բոլոր եղանակներին՝ ամառ, աշուն, ձմեռ, գարուն: Այն հագեցած է բազմաթիվ տեսարաններով եւ բավականին գունեղ է։ Նկարահանման գործընթացը բավականին երկար է տեւել:

Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, գործիքավորումը կատարել է MG-ն (ԱՄՆ), իսկ հագուստների հեղինակը Լիլիթ Հովհաննիսյանն է:

Նշենք, որ երգի եւ տեսահոլովակի համացանցային եւ հեռուստատեսային պրեմիերան ավելի ուշ է լինելու, այնպես որ համերգի ունկնդիրներն այն բոլորից վաղ վայելելու բացառիկ հնարավորություն կունենան:



Հավելենք, որ Լիլիթ Հովհաննիսյանը երեկոյի ընթացքում կներկայանա բազում այլ անակնկալներով, ինքնատիպ կատարումներով:

Նշենք, որ Dream World Tour-ի բոլոր համերգների ռեժիսորներն են Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը:

Տեղեկացնենք, որ երեւանյան համերգի տոմսերի արժեքը 4000-35.000 դրամ է: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

 



© NEWS.am STYLE