Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան եւ այլ աստղեր ելույթ կունենան Երեւանում` Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին

16:37   2 մարտի, 2019

Լույսեր, երաժշտություն եւ դրամատուրգիա, որոնք բեմում կփոխանցեն Ազնավուրյան մթնոլորտ: Ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը հենց այսպսին է պատկերացնում մայիսի 26-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք «Քեզ համար Հայաստան» համերգային երեկոն` նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակին: Համաշխահային ճանաչում ունեցող ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ ծրագրի մասին այսօր` մարտի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ խոսեցին համերգի կազմակերպիչները` ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը, նախագծի համահեղինակ ֆրանսիահայ Հայկ Շահբազյանը եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիմոնյանը:

«Մենք ընտրել ենք 6 արտիստների, որոնք համաշխարհային ճանաչում ունեն: Կարծում եմ` բոլորը գիտեն Պատրիկ Ֆիորիին, ելույթ կունենան նաեւ Հելեն Սեգարան, Silmane-ը, որը 2016 թ-ին դարձավ ֆրանսիական «Ձայնը» նախագծի հաղթողը, նաեւ եղել է նույն նախագծի բելգիական տարբերակի ժյուրիի կազմում, Ռաֆի Ալտոն, Լեա Կաստելն ու Քեյթ Ռայանը»,-նշեց Հայկ Շահբազյանը:

Հայտնի երաժիշտներին կնվագակցի Հայասանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ:

Հայ արտիստներից համերգի ընթացքում ելույթ կունենա միայն Հայկ Պետրոսյանը, որը նաեւ կվարի ծրագիրը: Աշխարհահռչակ երգիչները կներկայացնեն Շառլ Ազնավուրի երգացանկի ամենահայտնի ստեղծագործությունները: Համերգը կանկացվի Նիկոլյա եւ Քրիստինա Ազնավուրների հովանու ներքո:

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE