Բարեկենդանին նվիրված տոնախմբություն Երեւանում (ֆոտո)

15:02   3 մարտի, 2019

Գարնան սկիզբն ազդարարող եկեղացական տոնը` Բարեկենդանը, շատերն անվանում են հայկական դիմակահանդես: Եւ իրոք, այն մեծ ուրախ դիմակահանդեսի է նման՝ երգերով, պարերով, կատակերով, ուտեստներով եւ այլ զվարճանքներով, որոնք նախորդում են Մեծ Պահքի շրջանը: Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Այնուամեայնիվ այս բոլոր վայելքներն ու խրախճանքները պետք է չափավոր լինեն` ի հետեւություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու»:

Մեծ Պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Այն մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաեւ դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի  խորհրդանիշն է:

Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով  սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

Ամեն տարի Արարատյան Հայրապետական թեմը տոնախմբություն է կազմակերպում այս օրը՝ փորձելով վառ պահել ազգային ավանդույթները: Այս տարի նույնպես Հայաստանի տարբեր քաղաքներում նշում են տոնը, այդ թվում Երևանի կենտրոնում, ինչի մասին է մեր այսօրվա ռեպորտաժը:

Վեգա Անդրիասյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE