Կոնստանտին Օրբելյանը՝ «Կարմեն» օպերայի նոր բեմադրության եւ գարնանային պրեմիերաների մասին

16:04   5 մարտի, 2019

Գարնանային ավանդույթի համաձայն՝ Սլ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը գարնան մեկնարկի առթիվ ասուլիս էր հրավիրել: Մաեստրոն շնորհավորեց լրագրողներին գարնան մեկնարկի առթիվ, իսկ կանանց հատուկ ուշադրության արժանացրեց՝ նվիրելով վարդեր:

Ասուլիսի նպատակը թատրոնի գարնանային պրեմիերաների մասին հայտարարելն էր, բայց նախքան դա՝ մաեստրոն հիշեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը եւ մեկ րոպե լռությամբ լրագրողների հետ միասին հարգեց նրա հիշատակը:

Ինչ վերաբերում է թատրոնի գարնանային պրեմիերաներին, դրանք կմեկնարկեն մարտի 7-ից՝  Բիզեի «Կարմեն» օպերայի նոր բեմադրությամբ:

«Մեր թատրոնում շատ նորություններ են լինելու: Շուտով կլինի «Կարմեն»-ի գարնանային պրեմիերան՝ նոր դերասանական կազմով:

Համոզված եմ՝ սա հրաշալի իրադարձություն կլինի բոլորի համար, ովքեր սպասում էին այս օպերային: Այն մեկ անգամ արդեն բեմադրվել է Երեւանում՝ նոյեմբերի 10-ին. բեմադրող ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է: Օպերան ներկայացվել է նաեւ Դուբայում»:

Անդրադառնալով մյուս նորություններին՝ մաեստրոն նշեց.

«Գարունը մեզ մոտ շատ բուռն է լինելու:Կունենանք շատ օպերաներ՝ «Աիդա», «Տրավիատա», «Տոսկա», Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայի նոր բեմադրությունը կունենանք: Մեր թատրոնը պատրաստ է, երգիչները պատրաստ են, մնացել են փորձերը: Մի քանի տարի առաջ ներկայացրել ենք նաեւ Ռոսինիի «Մոխրոտը», որը նորից կվերականգնենք: Կլինեն նաեւ հայկական օպերաներ՝ «Անուշը»՝ Անահիտ Մխիթարյանի մասնակցությամբ, «Ալմաստը», «Սայաթ Նովան» ու «Արծվաբերդը», որը տարիներ առաջ ներկայացվել է Արցախում: Կներկայացնենք երեք բալետ Խաչատրյանից՝ «Սպարտակ», «Գայանե» եւ «Դիմակահանդես», կլինի նաեւ «Չիպոլինո» բալետը՝ Խաչատրյանի զարմիկի՝ Կարեն Խաչատրյանի բեմադրության հիման վրա»:

Մաեստրոյի կարծիքով՝ այս ներկայացումները հետաքրքիր կլինեն նաեւ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների համար:

Օրբելյանը նշում է՝ իրենք միշտ էլ պատրաստ են հրավիրելու համաշխարհային օպերաներ եւ ճանաչված արտիստների, միակ խնդիրը ֆինանսական հարցերն են:

«Դժվար է գործեր պլանավորել, երբ չգիտես՝ ինչ կլինի վաղը՝ կլինի՞ արդյոք ֆինանսավորում, թե՞ ոչ, բացում, փակում են թատրոններ… Երեկ եղավ հանդիպում Նազենի Ղարիբյանի հետ՝ թատրոնների տնօրենների մասնակցությամբ: Բոլորն էլ տալիս էին միեւնույն հարցը՝ սա ի՞նչ է: Պատասխանն էր՝ դա պարզապես աշխատանքային թուղթ էր, որը հայտնվել է մամուլում: Մի խոսքով, այնպես է ստացվել, որ բոլոր թատրոնները, թանգարաններն այսօր անբացատրելի վիճակում են: Կոնկրետ ոչինչ չասացին, բացի այն, որ այդ աշխատանքային թուղթը պատահականորեն է հայտնվել մամուլում»,-ասաց Օրբելյանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE