«Իմ իրականությունից փախչող երբեք չեմ եղել». հարազատ դպրոցից մինչեւ աշխարհի բեմեր՝ «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի պրեմիերան

22:01   5 մարտի, 2019

Հարազատ դպրոցի բակից, մանկության ընկերներից մինչեւ համաշխարհային բեմեր եւ աշխարհահռչակ երաժիշտների հետ համագործակցություններ: Ռեժիսոր Հայկ Մկրտչյանի «Մաեստրո Մանսուրյան» փաստագրական ֆիլմն անվանի հայ երաժիշտի կյանքի ու ստեղծագործական հաջողությունների մասին է:

5 տարվա աշխատանքից հետո ֆիլմն այսօր՝ մարտի 5-ին, առաջին անգամ ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում:

«Ուղիղ 5 տարի առաջ ամեն ինչ սկսվեց: Ուղիղ 5 տարի առաջ ես մոտեցա Հայկ Օրդյանին ու առաջարկեցի ֆիլմի գաղափարը: Ֆիլմի ստեղծման ընթացքում բացահայտեցինք նոր գույներ, օգտավետ նյութեր: Բոլոր նախագծերի ժամանակ միշտ լինում են կոնֆլիկտներ, բայց այս ֆիլմը եղել է համերաշխ եւ սիրո մոտեցմամբ աշխատանք: Սա կոլեկտիվ, երկար տանջալից աշատանք է մեզ համար. ամեն նյութի ձեռքբերումը եղել է տոն»,-ասում է ռեժիսորը:

Պրեմիերային ներկա էր հենց ինքը՝ Տիգրան Մանսուրյանը: Ասում է՝ չի ափսոսում ֆիլմում տեղ գտած եւ ոչ մի կադրի համար, չէ՞ որ ամեն մի պահն իր կյանքից է եղել.

«Իմ իրականությունից փախչող երբեք չեմ եղել: Ինչ կամ, այդ եմ: Ֆիլմն էլ այդ է՝ իր ամենատխուր եւ ուրախ պահերով:

Տարիքի հետ ավելի եմ զգայուն դառնում: Հայկը լավ է արել, այդ էներգիան ֆիլմում զգացվում է: Իհարկե, կուզեի, որ այս ֆիլմում լինեին նաեւ իմ հարազատներից, որոնք բնական է՝ չկան ֆիլմում, որովհետեւ այլեւս աշխարհում չկան…»,-ասում է ու հավելում՝ հաճախ չի հասցնում հետեւել իր կյանքի անցած ուղուն, ստեղծագործելու ժամանակը թույլ չի տալիս.

«Ես այնքան եմ իմ գործի հետ, որ հետքերիս նայելու եւ դրանցով զբաղվելու ժամանակ չեմ ունեցել: Ես նաեւ իմ երաժշտության հետ եմ հազվադեպ հանդիպում: Եթե առիթ չի լինում, ո՞նց լսեմ, ինչո՞ւ լսեմ…»:

Մանսուրյանի մասին պատմող փաստագրական ֆիլմում երաժշտասերներն ու մաեստրոյի երաժշտության երկրպագուները կլսեն նրա մտորումները՝ կյանքի, մանկության, պոեզիայի մասին, կիմանան, թե ինչպես է Մանսուրյանն աշխատել աշխարհի տարբեր ծայրերում հայտնի երաժիշտների հետ, ինչպես են նրանք աշխատել երգահանի հետ եւ ինչ կարծիք են կազմել հայկական երաժշտության հանճարի մասին: Ոմանք իրենց երազանքն են իրականացրել մաեստրոյի հետ աշխատելով, իսկ Մանսուրյանի երազանքը վաղուց իրականացել է.

«Հայրս ցանկանում էր, որ ես նվագեի, ինքը լսեր… Այդպես էլ եղավ…»,-խոստովանում է նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE