«Երազում եմ Կրեմլյան պալատում համերգի մասին». Արմեն Խաչատուրյանը «Один в один» շոուի մասնակից

17:22   6 մարտի, 2019

«Ռոսիա 1» ալիքով «Один в один» շոուի նոր եթերաշրջանում Աբխազիայից Արմեն Խաչատուրյանի տպավորիչ ելույթն արդեն մի քանի օր քննարկվում է համացանցում եւ լրատվամիջոցներում: NEWS.am STYLE-ին հաջողվեց անձամբ նրա հետ շփվել Sputnik-Արմենիա մուլտիմեդիայի կենտրոնում կազմակերպված տեսակամուրջի ժամանակ. Խաչատուրյանը միացել էր Սուխումիից, որտեղ 2 օրով էր եկել:

Հիշեցնենք, որ մրցույթի առաջին փուլում Խաչատուրյանը բեմ էր դուրս եկել ռուս հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովի կերպարով՝ կատարելով նրա «Երջանկություն» երգը: Հանդիսատեսը, ժյուրին եւ Խաչատուրյանի ուսուցիչը՝ ռուսաստանցի հայտնի երգիչ Իրակլի Պիրցխալավան, հիացած էին…

Պատասխանելով աբխազ եւ հայ լրագրողների հարցերին՝ Խաչատուրյանը պատմեց, որ սկզբում երգում էր միայն ընկերների համար, բայց հետո նրա կնքամայրը՝ Աբխազիայում հայտնի երգչուհի Մարինա Շամբան խորհուրդ է տվել վոկալով մասնագիտորեն զբաղվել: «Ինձ լսեցին Սուխումիի երաժշտական ուսումնարանում եւ ընդունեցին ակադեմիական բաժին: Ասացին, որ ձայնս թույլ է տալիս դասական երգել»,- պատմեց Խաչատուրյանը:

Արմենը պատկառելի պորտֆոլիո ունի. Սուխումիի ուսումնարանից հետո ստաժավորում է անցել Չայկովսկու անվան կոնսերվատորիային առընթեր քոլեջում, այնուհետեւ 5 տարի սովորել է Գնեսինների անվան Երաժշտության ռուսական ակադեմիայում: Ի դեպ, Խաչատուրյանն այնտեղ է ընդունվել կատարելով Կոմիտասի «Կռունկը», եւ ընդհանրապես՝ հայկական երաժշտության հանդեպ նա առանձնահատուկ վերաբերմունք ունի. ամեն դեպքում արմատներն իրենց դերը կատարում են: Երգիչը նաեւ արմատների մասին պատմեց: Աբխազիայում է բնակվում Խաչատուրյանների արդեն հինգերորդ սերունդը: «Իմ նախնիները Ցեղասպանության տարիներին փախել են Տրապիզոնից»,- տեղեկացրեց Խաչատուրյանը՝ խոստովանելով, որ Հայաստանում ոչ մի անգամ չի եղել, բայց երազում է լինել: «Ամոթալի է, որ պատմական հայրենիքում ոչ մի անգամ չեմ եղել, բայց շատ եմ ուզում: Հուսով եմ, շատ շուտով կստացվի»,- ասաց նա:

Ի դեպ, Երեւանում է բնակվում Արմեն Խաչատուրյանի մորաքույրը, որը պարբերաբար նրան ծանոթացնում է հայկական ավանդույթների եւ խոհանոցի հետ: Նրան շատ է դուր գալիս հարիսան...

Ինչ վերաբերում է երաժշտական հակումներին, ապա Խաչատուրյանը բազմակողմանի անձնավորություն է, նրա համար խնդիր չէ իրեն փորձել տարբեր ոճերում։ Երկնագույն երազանքն է՝ բեմում կատարել Կավարադոսիի արիան Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայից։ Ի դեպ, մի ցանկություն էլ ունի։ «Երազում եմ մեծ համերգ ունենալ Կրեմլյան պալատում»,- խոստովանեց երգիչը։

Դե ինչ, Խաչատուրյան խորհրդանշական ազգանունն ունեցող Արմենը դրա բոլոր հնարավորություններն ունի։ Ինչպես ասում են՝ առաջին քայլն արված է. Մոսկվայում նրան արդեն նկատել են «Один в один» շոուին մասնակցելու շնորհիվ, որտեղ երգիչն, ի դեպ, հայտնվել էր պատահաբար՝ «տեսել էր հայտարարությունը կայքում եւ հայտ ուղարկել»։ Ալեքսեյ Չումակովի կերպարի վրա Արմենը երկար ու քրտնաջան աշխատեց, եւ բնօրինակին շատ մոտ մի բան ստացվեց՝ շարժումները, մելիզմները, ինտոնացիաները, էլ չեմ ասում կատարման մաքրության մասին։

Առջեւում նոր փորձություններ են, որոնք Արմեն Խաչատուրյանը, հաստատ, պատվով կհաղթահարի։ Սպասում ենք շոուի նոր թողարկումներին եւ ցանկանում, որ հաղթի...

 Լուսանկարներ՝ «Սպուտնիկ», «Ռոսիա 1»



© NEWS.am STYLE