«Երկու սրտիկ մի գրկում». ինչպես պրոդյուսեր Զառա Պետրոսյանը ֆլեշմոբի շրջանակում համախմբեց փոքրիկ քույրերին (ֆոտո)

13:25   7 մարտի, 2019

Պրոսդյուսեր Զառա Պետրոսյանն օրերս համախմբել էր փոքրիկ քույրիկներից շատերին: Իսկ պատճառը հանդիսացել էր պրոդյուսերի «Խաղ ու պար» շոուի սաների՝ Մանեի եւ Նարեի «Ամենալավն ես» տեսահոլովակի շնորհանդեսը, որը սովորական չէր:

Այդ շնորհանդեսի շրջանակում Զառա Պետրոսյանը որոշել էր յուրահատուկ ակցիա իրականացնել՝ «Երկու սրտիկ մի գրկում» խորագրի ներքո: Իր նախաձեռնության մասին պրոդյուսերը պատմել է NEWS.am STYLE-ին:

«Ամեն ինչ սկսվեց երգից ու տեսահոլովակից, որը ստեղծեցի իմ՝ «Խաղ ու պար» շոուի սաների՝ Մանեի եւ Նարեի համար: Աղջիկները շատ լավն են, արտիստիկ են, մեծ ցանկություն ունեն երգելու: Նրանք նաեւ հանդիսավարներ են իմ մանկական համույթում: Երբ տեսահոլովակը պատրաստ եղավ, ես չցանկացա սովորական շնորհանդես կազմակերպել, քանի որ ըստ իս՝ դա արդեն հին ձեւ է: Այդպես մտածեցի մի բարի ակցիա կազմակերպել, որի շրջանակում կհրավիրեցի բոլոր քույրերին: Ակցիայի անունը դրեցի «Երկու սրտիկ մի գրկում»: Տեղի ունեցավ նաեւ ֆլեշմոբ՝ «Ամենալավն ես» խորագրով»:

Քույրերի միջեւ համերաշխություն, պարզ մարդկային գրկախառմություն՝ իբրեւ սիրո եւ ջերմության դրսերուրում՝ սա է եղել ակցիայի գլխավոր կարգախոսը:

«Միջոցառման ժամանակ նրանց, ովքեր ցանկություն ունեին, հնարավորություն տրվեց երգել, պարել, ցույց տալ իրենց շնորհքը: Իհարկե, հերոսները Մանեն ու Նարեն էին, որովհետեւ ամեն ինչ իրենց շուրջ էր պտտվում: Նախագծի ընթացքում ելույթ ունեցան նաեւ հայտնի քույրիկներ՝ Ալյան ու Մարիան, որոնք եւս իմ «Խաղ ու պար» շոուի արտիստներից են: Նախաձեռնությունը բարի է, ժպիտ առաջացնող , սոցիալական է, մաքուր: Երեխաների համար պետք է միայն ուրախանալ եւ նրանցից շատ բան կա սովորելու: Առաջիկայում կմտածեմ այլ նախաձեռնության մասին, որովհետեւ դժգոհություններ կային, թե ուր են եղբայրները»,-ասում է պրոդյուսերը:

Ներկայացնում ենք քույրիկների սիրո եւ գրկախառնության ֆլեշմոբի լուսանկարները:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Զառա Պոտրոսյանը



© NEWS.am STYLE