Կարոլին Ռաֆայելյանը՝ Forbes-ի ցուցակում

20:04   10 մարտի, 2019

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում 2019թ․-ին ներգրավվել է Alex and Ani զարդերի ընկերության հիմնադիր եւ սեփականատեր Կարոլին Ռաֆայելյանը։

Նրա կարողությունը գնահատվում է 1 միլիարդ դոլար։ Կարոլին Ռաֆայելյանը ծնվել է 1966թ․-ին՝ ԱՄՆ-ում, Արեւմտյան Հայաստանից գաղթած փախստականների ընտանիքում։ Նրա հայրը իր ծնվելու տարին հիմնում է ոսկյա զարդերի ընկերություն։ Լոս Անջելեսում քոլեջն ավարտելուց հետո շարունակել է հոր գործը եւ սկսել է զարդեր ստեղծել։

2004թ․-ին Ռաֆայելյանը հիմնում է իր՝ Alex and Ani կազմակերպությունը, որն անվանում է դուստրերի անուներով։

2015թ․-ին Կարոլին Ռաֆայելյանի ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է 230միլիոն դոլար, իսկ մեկ տարի անց՝ կես միլիարդ դոլար։ Alex and Ani ապրանքանիշի խանութները հայտնի են ողջ Ամերիկայով։ Այնտեղից շատ գեղեցիկ զարդ կարող են գնել ոչ միայն հարուստները, այլեւ՝ միջին խավը, քանի որ տեսականին բազմազան է։

Ռաֆայելյանը բացել է  նաեւ Teas and Javas սրճարանների ցանցը եւ Carolyn’S Sakonnet գինի արտադրող ընկերությունը՝ Ռոդ Այլենդ նահանգում։ Նրան են պատկանում Նյուպորտ քաղաքում գտնվող 60 սենյականոց հին քոթեջները, որոնք հայտնի են որպս Բելկուրտյան ամրոց։

Կարոլին Ռաֆայելյանը զբաղվում է նաեւ բարեգործությամբ։ 30 միլիոն դոլար նա տրամադրել է տարբեր ծրագրերի, այդ թվում նաեւ Հայաստան հիմնադրամին։



© NEWS.am STYLE