Կինոռեժիսոր Ֆրեդ Քելեմենը՝ Երեւանում. կցուցադրվի նրա «Սարաեւոյի սգերգերը» ֆիլմը

13:49   11 մարտի, 2019

Մարտի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում գերմանացի անվանի ռեժիսոր, կինոօպերատոր, սցենարիստ եւ բեմադրող Ֆրեդ Քելեմենի մասնակցությամբ կցուցադրվի նրա վերջին՝ «Սարաեւոյի սգերգերը» ֆիլմը։ Այցի շրջանակներում Քելեմենը քննարկում կունենա նաեւ լրատվամիջոցների եւ արվեստասերների հետ։

Մարտի 11-15-ը տեղի կունենա Ֆրեդ Քելեմենի «Սեւ դաշտ. կինոարվեստի պոետիկ իրականության մասին» աշխատարանը ռեժիսուրայի եւ օպերատրության բաժնի ընթացիկ ուսանողների համար (BLACK FIELD: About the Poetic Reality of the Art of Film), որը կազմակերպում են Երեւանի «Գյոթե» կենտրոնը և «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն:

Ֆրեդ Քելեմենն արժանացել է Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի չորս մրցանակի։ Նրա հայտնի ֆիլմերից են «Սարաեւոյի սգերգերը» (2016թ.), «Անկում» (2005թ.), «Մայրամուտ» (1999թ.), «Սառնամանիք» (1997-1998թթ.) եւ այլն։

Քելեմենը ծնվել է Գերմանիայում, ուսումնասիրել գեղանկարչություն, երաժշտություն, փիլիսոփայություն, տարբեր թատրոններում աշխատել որպես ռեժիսորի ասիստենտ, ապա ընդունվել կինոյի եւ հեռուստատեսության գերմանական ակադեմիա։ Նրա դիպլոմային ֆիլմը, որը ստացել է «Ճակատագիր» անվանումը, 1994թ.-ին Գերմանիայում ազգային կինեմատոգրաֆիայի մրցանակի է արժանացել։ 1995թ.-ից Քելեմենը նաեւ դասավանդում է եւ վարպետության դասեր անցկանցում հայտնի կենտրոններում։

Լուսանկարները՝ Moreliafilmfest.com, Fredkelemen.com



© NEWS.am STYLE