«Աղջիկների լավագույն ընկերները...». ինչ արժե Ջենիֆեր Լոպեսի ադամանդե մատանին

14:08   11 մարտի, 2019

Այն բանից հետո, երբ Ջենիֆեր Լոպեսը եւ մարզիկ Ալեքս Ռոդրիգեսը հայտարարեցին նշանադրության մասին՝ հրապարակելով շքեղ մատանու լուսանկարը, համացանցում լուրջ հետաքրքրություն է առաջացել  մեծ, շլացուցիչ ադամանդի նկատմամբ։ Ամերիկյան ELLE-ի փորձագետները փորձել են պարզել՝ ինչ արժե մատանին եւ արդյոք որեւէ պատմություն ունի՞։

Պարզվում է, որ հսկայական քարը «Զմրուխտ» երեսակումով է պատրաստված։ Այն հնարավորություն է տալիս պահել ադամանդի բավական մեծ հատվածը, սակայն հարթ մակերեսի շնորհիվ նույնիսկ անզեն աչքով տեսանելի են ադամանդի գույնի եւ մաքրության ցանկացած թերություն։ Երգչուհուն նվիրված ադամանդը մոտավորապես 11-15 կարատ քաշ ունի, իսկ մոտավոր գինը կազմում է 5 մլն դոլար։ Ամեն դեպքում, գինը սկսվում է նվազագույնը 1 միլիոնից։

Հայտնի է, որ քարի արժեքի վրա ազդում է նաեւ դրա պատմությունը։ Փորձագետներն առայժմ չեն պարզել՝ ինչ պատմություն ունի ադամանդը։ Այսպիսի քարերը տարածում են գտել 1920-ական թթ., երբ նորաձեւ էին հստակ գծերը եւ ար–դեկո ոճը։ Այսօր հետաքրքրութունն այս ձեւի նկատմամբ վերադառնում է շնորհիվ Ամալ Քլունիի եւ Բեյոնսեի։

Ինչպես հայտնի է, Ջենիֆեր Լոպեսը սիրում է խոշոր զարդեր եւ սովոր է արտասովոր մատանիներ կրել։ 2002թ.-ին Բեն Աֆլեքը նշանադրության առիթով աստղին Harry Winston-ի մատանի էր նվիրել, որը զարդարված էր 6,1 կարատ քաշով վարդագույն ադամանդով։ Դրա արժեքը կազմում էր 2,5 մլն դոլար։ Հարսանիք, իհարկե, տեղի չունեցավ, սակայն հայտնի է, որ «նա, ով կարողանում է սպասել, ստանում է լավագույնը»։



© NEWS.am STYLE