Ամենասարսափելի մարդը, կենդանի ծաղրածուն եւ չստացված Ջոլին. մարդիկ, որոնք դիտավորյալ այլանդակել են իրենց արտաքինը (ֆոտո)

15:10   12 մարտի, 2019

Ինչ գումարներ ասես՝ մարդիկ չեն ծախսում գեղեցիկ եւ անթերի արտաքին ունենալու համար: Թվում է՝ աշխարհում գրեթե բոլորը ցանկանում են ունենալ Այշվարյա Ռայի կապույտ եւ խոշոր աչքերից, Անջելինա Ջոլիի փոքրիկ քիթիկից եւ սեքսուալ շուրթերից, Բրեդ Փիթի այտոսկրերից եւ Թոմ Քրուզի ժպիտից, բայց արի ու տես՝ կան նաեւ այնպիսի մարդիկ, որոնք պատրաստ են աստղաբաշխական թվեր ծախսել, որպեսզի ունենան սարսափելի, բայց տարբերվող արտաքին, օրինակ՝ նմանվեն ծաղրածուի կամ էլ իրենց սիրելի սարսափ ֆիլմի հերոսին:

NEWS.am STYLE-ն իր հերթական որոնումների արդյունքում բախվել է այն մարդկանց, որոնք դիտավորյալ այլանդակել են իրենց արտաքինը եւ շատ գոհ են իրենց նոր տեսքից:

Սահար Տաբար

Իրանցի այս աղջիկը 50-ից ավել պլաստիկ վիրահատությունների է դիմել իր կուռքին՝ Անջելինա Ջոլիին նմանվելու համար: Բայց… ինչպես նշում են աղջկա ինստագրամյան հետուորդները՝ նա այսօր ավելի շատ հիշեցնում է Թիմ Բերթոնի «Հարսնացուի մարմինը» սարսափ մուլտֆիլմի հերոսուհուն, քան Անջելինա Ջոլիին:

Ռոդրիգո Ալվես

Պարզվում է՝ ոչ միայն աղջիկներն են երազում նմանվել կենդանի բարբի տիկնիկի: 35-ամյա Ռոդրիգո Ալվեսը 60-ից ավել պլաստիկ վիրահատություններ է կատարել, որպեսզի դառնա կենդանի Քեն տիկնիկ: Մինչ շատերը տղամարդու արտաքինը տարօրինակ են համարում, ինքը՝ Ռոդրիգոն շատ գոհ է իր արտաքին փոփոխություններից եւ չի պատրաստվում վերջ դնել իր կերպարանափոխությանը:

Richie The Barber

Richie The Barber անունով այս ծաղրածուն, իրականում, ամենաիսկական ծաղրածուն է: Այո, այո, նրա դեմքն այսպիսին է օր ու գիշեր, նա ոչ մի գրիմ չի կրում: Տղամարդը դաջվածքների միջոցով իրեն մոտեցրել է իր մանկության տարիների կուռքին՝ ծաղրածուին: Ուրախ վարսահարդարը պնդում է, որ իր առաքելությունը մարդկանց զվարճացնելն է:

Էրիկ Ռամիրես

Եթե մեր նախորդ հերոսները ձգտել են նմանվել դրական կերպարների, ապա մեր հաջորդ հերոսը ճիշտ հակառակն է արել: Կմախքների սիրահարը որոշել է այնպես փոխել իր արտաքինը, որ նմանվի կենդանի սարսափազդու կմախքի: Կոլումբիացի երիտասարդը հեռացրել է ականջներն ու քիթը, կտրել է լեզուն, իսկ գանգին արհեստական ոսկորներ է ավելացրել: Կոլումբիայում գտնվելուց աշխատեք խուսափել նրա հետ հանդիպումից, եթե, իհարկե, չեք ցանկանում ձեզ սարսափ ֆիլմում զգալ:

Լուսանկարները՝ Instagram-ից



© NEWS.am STYLE