Maruv-ը, ով հրաժարվել է Ուկրաինան ներկայացնել «Եվրատեսիլ»-ում, խոստացել է երկրպագել Ռուսաստանին

14:59   12 մարտի, 2019

«Եվրատեսիլ» երգի մրցույթում Ուկրաինան ներկայացնելու համար հայտարարված ազգային ընտրության փուլում հաղթանակ տարած երգչուհի Աննա Կորսունը, ով հանդես էգալիս Maruv կեղծանվամբ, հայտնել է, թե մասնակիցներից ով է իրեն առավել դուր գալիս, հայտնում է УНИАН-ը։

Նա հայտարարել է, որ ծրագրում է հետեւել բոլոր երաժշտական համարներին, սակայն երկրպագելու է Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւին։ «Նրա հետ հրաշալի, հետաքրքիր համատեղ պատմություն ունենք։ Այդ պատճառով աջակցելու եմ նրան»,- ասել է նա՝ նշելով, որ երգչի հետ լավ հարաբերություններ ունի։

Maruv-ի կարծիքով՝ փառատոնը հնացել է եւ կորցրել արդիականությունը։ Նա ընդգծել է, որ այլեւս չի ծրագրում ներկայացնել իր թեկնածությունը՝ մրցույթին մասնակցելու համար՝ նշելով, որ գարնանը մեծ շրջագայություն է ծրագրում Ռուսաստանում։

Հիշեցնենք՝ Աննա Կորսունը հաղթանակ է տարել ազգային ընտրության փուլում։ Սակայն նրան մեղադրել են Ռուսաստանում շրջագայություններ ունենալու համար։ Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությունը եւ երգչուհին փորձել են համաձայնության գալ «Եվրատեսլի»-ում մասնակցի պայմանագրի շուրջ, սակայն չեն կարողացել։ Արդյունքում Maruv-ը հրաժարվել է Ուկրաինան ներկայացնել Թել Ավիվում կայանալիք մրցույթում։ Նույն կերպ է վարվել նաեւ Freedom Jazz խումբը՝ պատճառաբանելով զբաղվածությունը։ Kazka խումբն էլ հայտարարել է, որ մտադիր չէ «Եվրատեսիլ»-ին մասնակցել ցանկացած գնով։



© NEWS.am STYLE