Էրեբունի-Երեւանի 2800-ամյակին նվիրված համերգ Բեռլինում

17:43   13 մարտի, 2019

Գերմանաբնակ տենոր եւ երգահան Մասիս Առաքելյանը մարտի 3-ին Բեռլինի Կայզեր-Վիլհելմ-Գեդեխթնիս եկեղեցում իր «Կռունկ եւ պոետի սերը» ծրագրով հանդես եկավ Էրեբունի-Երեւանի 2800-ամյակին նվիրված մենահամերգով։ Համերգի նախաձեռնողը, կազմակերպիչն ու ֆինանսավորողը Մասիս Առաքելյանն էր։

Սա հայ-գերմանական երաժշտության համերգ էր հայ եւ գերմանացի երաժիշտներից կազմված քառյակի մասնակցությամբ՝ Դիթլինդ-Մարիա Շթռոփալ (դաշնամուր), Դավիթ Խաչատրյան (ջութակ), Միքայել Հախնազարյան (թավջութակ), Մասիս Առաքելյան (տենոր եւ կոմպոզիցիա):

Համերգում ներկայացվեցին նաեւ ձայնասկավառակի բազմաթիվ երգերի համար արվեստագետի կողմից ջութակի և թավջութակի համար գրված եւ որպես քառյակ մշակված ստեղծագործություններ։

Արեւմտյան Բեռլինի ամենահայտնի եկեղեցու պատմության մեջ, ի շնորհիվ Մասիս Առաքելյանի, առաջին անգամ հայ եւ գերմանական գեղարվեստական երգերը փոփոխելով եւ նրբորեն միմյանց մեջ հոսելով, ցուցադրեցին իրենց նմանություններն ու նույն նյութը տարբեր ուղիներով ներկայացնելու արվեստը։ Այս աշխատանքը հատկանշական էր նրանով, որ արվեստագետն իր կողմից, որպես գեղարվեստական երգ մշակված, Կոմիտասի, Գրիգոր Թալյանի եւ իր ստեղծագործությունները կողք-կողքի ներկայացրեց գերմանացի հայտնի կոմպոզիտոր եւ գերմանական գեղարվեստական երգի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռոբերտ Շումանի ստեղծագործությունների հետ։

Գերմանացի եւ այլ ազգերի հյուրերի արձագանքը չափազանց դրական էր։ Հայ եւ գերմանական երաժշտության համադրումն ու համեմատումը, որպես նոր աշխատանք, հետաքրքրել եւ հիացրել էր պահանջկոտ հանդիսատեսին։



© NEWS.am STYLE