«Կերակրի շուրջ հավաքվելն ավելին է, քան պարզապես այն ճաշակելը». Հայաստանը կմասնակցի «Ֆրանսիայի համը» միջացառմանը

15:11   13 մարտի, 2019

Հայաստանն այս տարի լայնորեն ներկայացված կլինի Gout de France («Ֆրանսիայի համը») միջազգային միջոցառմանը. Հայաստանյան 24 ռեստորան եւ 3 մասնագիտական դպրոց՝ Երեւանում, Գյումրիում եւ Դիլիջանում, իրենց հաճախորդներին կներկայացնեն ֆրանսիական խոհանոցից ոգեշնչված իրենց ճաշացանկը: Միջոցառման մեկնարկը կտրվի մարտի 18-ից:

Թեմայի շուրջ այսօր՝ մարտի 12-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացավ ասուլիս, որի ընթացքում դեսպան Ջոնաթան Լաքոթը ներկայացրեց ֆրանսիական գաստրոնոմիային Հայաստանի մասնակցության նշանակությունն ու տոնակատարության մյուս մանրանասները:

«Gout de France-ը կարելի է որակել՝ որպես ֆրանսիական գաստրոնոմիայի տոնակատարություն ամբողջ աշխարհում: Արդեն 5-րդ տարին անընդմեջ աշխարհի 5 մայրցամաքների շուրջ 5000 ավագ խոհարարներ աշխարհի 150 երկրներում համախմբվելու են այս տոնակատարությունը նշելու համար: Ինչպես գիտեք՝ գաստրոնոմիան ֆրանսիական մշակույթի անքակտելի բաղադրիչներից է: Այն մեր մշակույթի, մեր որդեգրած արժեհամակարգի, քաղաքակրթության մասն է: Այն ունի նաեւ սոցիալական շատ ընդգծված առանձնահակություն: Մենք միտում ունենք մեր արժեքները կիսել նաեւ Հայաստանի հետ: Մենք երկու երկրներ ենք, որ խորապես համոզված ենք մեր երկրու երկրների տնտեսական հզոր պոտենցիալի եւ մեր մշակույթի վրա: Մենք երկու երկրներ ենք, որոնք երկուստեք կարեւոր նշանակությամբ են օժտում մատուցվող ապրանքների որակական հատկանիշներին: Հայերն, ինչպես ֆրանսիացիները, քաջ գիտակցում են նաեւ այն իրողությունը, որ ընթրիքը՝ կերակրի շուրջ հավաքվելն ավելին է, քան այն պարզապես ճաշակելը, որովհետեւ դա սոցիալական եւ ընտանեկան խորը ուղղվածություն ունի: Բնականաբար, մենք մեր գոհունակությունն ենք հայտնում առ այն, որ այս տարի Հայաստանն առանձնահատուկ ընդգծվածությամբ մասնակցելու է այս տոնակատարությանը»,-իր խոսքում նշեց դեսպանը:

«Ֆրանսիայի համը» միջոցառման շրջանակում նախատեսվում է նաեւ ավանդական գալա ընթրիք, որն այս տարի կազմակերպվելու է Գյումրիի Տիրամայր Հայաստանի կուսաստան եւ կրթական կենտրոնում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE