Ադրբեջանական «սեւ ցուցակից» հեռացվելուց հետո «Felicita» երգի կատարողը հայտնվել է ուկրաինական ցուցակում

16:56   14 մարտի, 2019

Իտալացի երգիչ Ալ Բանոն (Ալբանո Կարիզին), ով հայտնի է դարձել «Felicita» հիթի կատարմամբ, ներառվել է անձանց ցուցակ, ովքեր վտանգ են սպառնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը, հայտնում է Ուկրաինական ազգային նորություններ լրատվական գործակալությունը։ Արտիստը հայտնի «սեւ ցուցակում» ներառվել է Ղրիմի վերաբերյալ արտահայտությունների պատճառով։

«Եթե ժողովուրդը ցանկանում է բաժանվել ինչ-որ պետությունից, ինչու ոչ... Զարմանալի չէ, որ Ղրիմում հանրաքվե է անցկացվել, քանի որ 90 տոկոսը ցանկանում էին Ռուսաստանի հետ մնալ»,- նշել է նա։

Հատկանշական է, որ արտիստը նման փորձ արդեն ունեցել է․ նա «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել Ադրբեջանում այն բանից հետո, երբ 2010թ.-ին Արցախ է այեցել գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի անձնական հրավերով։ Նա համերգով էր հանդես եկել Վանք գյուղում եւ Գանձասար վանական համալիրում։ Ավելի ուշ երգիչը լրագրողների հետ կիսվել էր իր տպավորություններով եւ ափսոսանք հայտնել, որ ժամանակի սակավության պատճառով չի կարողացել տեսնել Արցախի բոլոր տեսարժան վայրերը։

Այդ իրավիճակում արտիստը ճիշտ էր համարել դիմել Իտալիայում Ադրբեջանի դեսպանատուն՝ խնդրելով իր անունը հեռացնել ցանկից։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը հայտարարել էր, որ Ալ Բանոն իր դիմումում նշել է, որ առհասարակ ծանոթ չէ տարածաշրջանի խնդիրներին, հայ-ադրբեջանական կոնֆլիկտին եւ «Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ մեծ հարգանք ու համակրանք ունի»։

2013թ.-ի նոյեմբերի 15-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բավարարել է ԱԼ Բանոյի խնդրանքը եւ նրան հեռացրել ցանկից։



© NEWS.am STYLE