Արմուշը՝ Վաչեի «Կօօկօօռօօզ» նախագծում. դերասանը՝ հումորիստ ընկերներին մատուցած անակնկալի մասին (ֆոտո)

13:31   14 մարտի, 2019

Մարտի 20-ից «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կլինի նոր նախագիծ, որը կոչվում է «Կօօկօօռօօզ» եւ որի մասին NEWS.am STYLE-ն արդեն պատմել է իր ընթերցողներին: Վաչե Թովմասյանի նոր սքեթչային նախագծում հեռուստադիտողը կտեսնի տարբեր դերասանների՝ տարբեր իրավիճակներում: Նախագծում օրերս իր մասնակցությունն է ունեցել նաեւ հայտնի հումերիստ եւ շոումեն Արմուշը: ԱՄՆ-ում բնակվող դերասանն օրերս Երեւանում էր: Նրա այցն անակնկալներով լի էր: Արմուշը հայրենիք էր ժամանել Women’s Club նախագծի հրավերով, որից հետո որոշել է անակնկալ մատուցել նաեւ իր մյուս ընկերներին՝ Արամին ու Գարիկին:

NEWS.am STYLE-ը Արմուշին հանդիպել է «Կօօկօօռօօզ» նախագծի նկարահանման հրապարակում: Մեր կայքում կտեսնեք նախագծի առաջին դրվագները՝ Արմուշի մասնակցությամբ

Նկարահանումից զատ՝ Վաչեւի եւ Արմուշի հետ զրուցել ենք նախագծում հայտնի հումորիստի ներգրավվածության մասին:

«Իրականում վաղուց ենք ցանկացել միասին անել սքեթչային հաղորդում, քանի որ այդ ֆորմատում շատ հաճախ եկուսս ենք հանդես եկել՝ կարճ ժամանակում մարմնավորելով տարբեր կերպարների: Եվ քանի որ Արմուշը կերպարանափոխությունների վարպետ է, կարելի է ասել՝ անփոխարինելի է նման հաղորդման շրջանակում: Երբ հնարավորություն ընձեռվեց այս հաղորդումն իրագործելու, առաջինն, ինչ մտքովս անցավ՝ Արմուշի ներգրավվածությունն էր այս նոր նախագծում, բայց քանի որ նա շատ զբաղված էր, չստացվեց դա անել առաջին վայրկյանից: Բայց շատ ուրախացա, որ նա ընդունեց մեր հատուկ հրավերն ու հանդես կգա մի քանի դրվագներում: Հուսանք՝ հետագայում ավելի շատ դրվագներ կլինեն նրա մասնակցությամբ»,-նշեց Վաչեն, սակայն, դեռեւս չցանկացավ բացել փակագծերը, թե կոնկրետ երբ հեռուստադիտողը կտեսնի Արմուշի մասնակցությամբ հաղորդումները, փախարենը հավելեց, որ չի բացառում՝ հետագայում այլ հայտնի հումորիստներ ու արտիստներ պարբեևրաբար ներգրավված լինեն «Կօօկօօռօօզ»-ում:

«Եթե կարողանայինք այնպես անել որ Արմուշը հաճախ կազմի մեջ լիներ, շատ լավ կլիներ»,-հույս հայտնեց պրոդյուսերը:

Հայաստանյան իր անակնկալների մասին NEWS.am STYLE-ին պատմեց նաեւ Արմուշը.

«Հայաստան ժամանեցի Women's Club-ի հրավերով, բայց միեւնույն ժամանակ, քանի որ Գարիկն ու Արամը չգիտեին իմ ժամանման մասին, մտածեցի նրանց էլ անակնկալ մատուցել հենց «Լավ երեկո»-ի ժամանակ:

Հանդիսատեսի համար էլ անակնկալ եղավ Women's Club-ի իմ ելույթը, բայց  ավելի անսպասելի եղավ  «Լավ երեկո»-ում իմ հայտնվելը: Երբ Արամը ներս հրավիրեց հյուրին՝ Խորեն Լեւոնյանին, ներս մտա ես, ու դա շատ անսպասելի էր թե´ Արամի, թե´ Գարիկի համար: Մի խոսքով՝ անակնկալը, կարծում եմ, ստացվեց: Փողոց, գրեթե, դուրս չէի գալիս, որ ոչ ոք ինձ չտեսնի ու անակնկալս «հարամ չլինի»»:

Իր հերթին Արմուշն էլ է նշում, որ «Կօօկօօռօօզ»-ում մեծ սիրով է նկարահանվել:

«Նկարահանվել եմ 4 սքեթչում: Շատ հաճելի էր նախագծին մասնակցությունս, որովհետեւ կարոտն էլ կար թե բեմի, թե նկարահանման հրապարակի հանդեպ»:

Դերասանի հայաստանյան այցելությունը կարճ էր: Մարտի 9-ին նա կրկին մեկնել է Միացյալ Նահանգներ: Այնտեղ Արմուշը զբաղվում է ռեստորանային բիզնեսով՝ հանդիսություններ է կազմակերպում եւ վարում, նաեւ աշխատանքի է անցել հեռուստատեսությունում, բայց իր երկրպագուներին Արմուշը խոստանում է ցանկացած հարմար հնարավորության դեպքում վերադառնալ եւ մասնակցություն ունենալ նաեւ հայկական նախագծերում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE