Դուբայում ներկայացրել են աշխարհի ամենաթանկարժեք օծանելիքը

14:09   15 մարտի, 2019

Nabeel պարֆյումերային ապրանքանիշը Dubai Mall առեւտրի կենտրոնում ցուցադրել է աշխարհի ամենաթանկարժեք օծանելիքը, հայտնում է «Գալֆ նյուզ»-ը։

Unisex բույրը, որը ստացել է Shumukh անվանումը, որն արաբերենից թարգմանած նշանակում է արժանի բարձրագույնին, արժե 4,572 մլն դիրհամ (մոտավորապես 1,3 մլն դոլար)։ Ընկերության ղեկավար, պարֆյումեր Ասգար Ադամ Ալին հայտնել է, որ Shumukh-ը The spirit of Dubai-ի մաս է կազմում։

Մոտ երկու մետր երկարությամբ սրվակը 3 լիտր պարֆյում է պարունակում։ Այն պատրաստված է ապակուց եւ զարդարված է մի քանի հազար ադամանդներով՝ ընդանուր 38.55 կարատ քաշով, ինչպես նաեւ տոպազով եւ մարգարիտներով։ Այն օգտագործվում է հեռահար կառավարման տեխնոլոգիայի միջոցով։

Օծանելիքի ստեղծման համար պահանջվել է երեք տարի։ Դրանք կներակայացվեն  Dubai Mall-ում մարտի 14-30-ը կայանալիք Fashion Avenue-ի ընթացքում։



© NEWS.am STYLE