ԱՄՆ-ի ամենահայտնի ջազ վոկալիստներից Ջեյմի Դեվիսը համերգով հանդես կգա Երեւանում

16:45   15 մարտի, 2019

ԱՄՆ-ի ամենահայտնի ջազ վոկալիստներից Ջեյմի Դեվիսը համերգով հանդես կգա Հայաստանում: Ապրիլի 5-ին՝ ժամը 19:00, Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17) վոկալիստը հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում ունկնդիրը կվայելի գեղեցիկ ջազային ստեղծագործություններ:

Նշենք, որ Ջեյմի Դեվիսը ծնվել է 1949 թ.: Ունենալով ինքնատիպ վոկալ տվյալներ՝ Ջեյմի Դեվիսը պարզապես չէր կարող չզբաղվել երաժշտությամբ: 13 տարեկանում ստեղծում է իր սեփական ջազ բենդը: 1975 թ. տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ աշխատել է ամերիկյան բեմի աստղերի հետ: 2000 թվականին ելույթ է ունեցել The Count Basie Orchestra-ի հետ՝ արժանանալով լայն հանդիսատեսի ճանաչմանը:

Իր կարիերայի ընթացքում Ջեյմին մշտապես հետեւել է իր սիրելի ջազմենների՝ Ռեյ Չարլզի, Օտիս Ռեդինգի, Էլ Գրինի եւ այլոց օրինակին:

Ջեյմի Դեվիսի երկացանկում ներառված են լավագույն ջազային ստանդարտները եւ էստրադային հիթերի նվագախմբային մշակումները: Նորարարության եւ դասականի միաձուլում, բլյուզի եւ սոուլի ելեւէջներ, ջերմ, հզոր եւ զգացմունքային բարիտոն. ահա թե ինչու է այս ամերիկացի արտիստը մեծ պահանջարկ վայելում ԱՄՆ-ում եւ երկրի սահմաններից դուրս:



© NEWS.am STYLE