«Ինձ դա օգնում է կանգ չառնել ու գնալ առաջ». Սրբուկը՝ եվրատեսիլյան երգի ընտրության ու մրցույթի երկրպագուների արձագանքների մասին

13:06   16 մարտի, 2019

Մեկ շաբաթ էլ չի անցել Սրբուկի եվրատեսիլյան՝ Walking Out երգի եւ տեսահոլովակի հրապարակումից, բայց դրա շուրջ քննարկումներն ու դրական արձագանքներն արդեն շատ են: «Եվրատեսիլ» մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքում մեր մասնակցի տեսահոլովակը առավելագույնս դիտված հոլովակներից է, իսկ տարբեր երկրների երկրպագուները մեկնաբանությունների բաժնում բարձր են գնահատել թե´ Սրբուկի վոկալային տվյալները, թե´ երգը, թե´ տեսահոլովակի յուրահատկությունը: Ի դեպ, Սրբուկին օրերս անդրադարձել է նաեւ ֆրանսիական «Լե Ֆիգարո» պարբերականը:

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին արդեն պատմել է Գարիկ Պապոյանի, Lost Capital-ի եւ Tokionine-ի հեղինակած երգի հիման վրա Արթուր Մանուկյանի նկարահանած տեսահոլոեվասկի մասին: Այսօր ներկայացնում ենք Սրբուկի մեկնաբանությունը՝ երգի ընտրության եւ մրցույթի  նախապատրաստական փուլի մասին:

Սրբուկ, ինչպիսի՞ պրոցես էր երգի ընտրությունը քեզ համար` դժվա՞ր էր այդքան հայտերից ընտրել այդ մեկը, թե՞ միանգամից ես կողմնորոշվել:

Պետք է խոստովանեմ, որ բավական բարդ էր։ Հանրային հեռուստաընկերություն հարյուրավոր երգեր էին ուղարկվել` ամենատարբեր ժանրերի, ոճի, տրամադրության, մոտեցման, սակայն մեզ համար հիմնական «պայքարը» 2 երգերի միջեւ էր։ Մենք բավական երկար չէինք կողմնորոշվում, քննարկում էինք, վիճում (կատակում է), մինչեւ հաղթեց այն մեղեդին, որը միանգամից խառնեց ողջ ներաշխարհս։ 

Ինչպես նշել ես` այն քեզ մոտ հուշեր է առաջացրել. եթե գաղտնիք չէ, ի՞նչ հուշեր են դրանք:

Ես կարողանում եմ գաղտնիք պահել (ժպտում է բազմանշանակորեն)։

Իրականում չեմ ցանկանում շատ փակագծեր բացել. ինչ հնարավոր էր արդեն ասված է երգում։ Ինձ համար ոչ թե անուն-ազգանունն ու քայլերի հերթականությունն է կարեւոր, այլ այն մեսիջը, որ ցանկացել եմ փոխանցել երգով` «Մի սպանիր սերը, սակայն թույլ մի տուր, որ այն սպանի քեզ»։ 

Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է. ինչպե՞ս էր նրա հետ աշխատելը: Միասի՞ն եք եկել տեսահոլովակի գաղափարին:

Տեսահոլովակի ստեղծման հիմքում կանգնած է իմ պրոդյուսերական թիմը` Factory production-ը, ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։ Բոլոր վիճակները, տրամադրությունը ստեղծվել է եվրատեսիլյան մեր թիմի քննարկումների արդյունքում։ Իսկ Արթուրի հետ սա մեր առաջին համագործակցությունը չէ։ Նա շատ տաղանդավոր ռեժիսոր է, ով կարողացել է ինձ լավագույնս ներկայացնել տեսահոլովակում, ինչի համար շնորհակալ եմ շատ։

Մինչ երգիդ ընտրությունը, լսել էի՞ր մրցույթի մյուս հաստատված երգերն ու փորձե՞լ ես ընտրություն անելիս այնպիսի բան ընտրել, որը կտարբերվի մյուսներից:

Ընտրել է սիրտս …

Գիտեմ, որ «Եվրատեսիլ»-ին պատրաստվելու ցանկացած փուլ մի նոր էմոցիա է հաղորդում մասնակցին: Հիմա, երբ երգն արդեն հասանելի է, ի՞նչ ես զգում` ելնելով արձագանքներից:

Չափազանց անհանգիստ էի երգն ու տեսահոլովակը հանրությանը ներկայացնելուց առաջ։ Իսկ հիմա, երբ գիտեմ, որ այն շատերն են սիրել, ինձ ավելի հանգիստ եմ զգում։ Աննկարագրելի է այն աջակցությունը, որը ստանում եմ հանրությունից։ Ինձ դա օգնում է կանգ չառնել ու գնալ առաջ։

Երկու ամսից քիչ է մնացել «Եվրատեսիլ»-ին. նախապատրաստական ի՞նչ փուլում ես:

Նախապատրաստական հերթական (ծիծաղում է)։ Ինձ երբեմն թվում է, որ այս փուլին վերջ չկա։ Անվերջ փորձեր, նկարահանումներ, շոուի հետ կապված քննարկումներ։ Մի քանի օրից էլ մեկնելու եմ եվրատեսիլյան տեսաբացիկի նկարահանումներին մասնակցելու։

«Եվրատեսիլ»-ի նախորդ տարիների մասնակիցները նոր մասնակիցներին միշտ խորհուրդ են տալիս ավելի թեթեւ նայել մրցույթին, վայելել մասնակցության պահերը: Քեզ մոտ ստացվո՞ւմ է պահպանել հանգստությունն այս օրերին:

Դեռ չէ, բայց գիտեմ, թե դա որքան կարեւոր է։ Բացի այդ նաեւ ինձ խորհուրդ են տալիս չկարդալ մեկնաբանություններ, դա էլ դեռեւս չի ստացվում (ժպտում է)։

Ինչպե՞ս ես լիցքաթափվում: Գաղտնիքներ կա՞ն:

Ստեղծագործելով, լավ երաժշտություն լսելով, դրական մարդկանց հետ շփվելով։

«Եվրատեսիլ»-ի հանդիսատեսին ի՞նչ մեսիջ ես ուզում փոխանցել երգովդ:

Մի սպանիր սերը, սակայն թույլ մի տուր նաեւ, որ սերը սպանի քեզ։

Հարաբերությունները չի կարելի տանել փակուղի։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE