«Ստաս Միխայլովի համերգի չեղարկման մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել․ տոմսերը վաճառվում են»

15:46   16 մարտի, 2019

Այսօր առավոտից լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ապրիլի 2-ին կայանալիք Ստաս Միխայլովի համերգային ծրագիրը կազմակերպիչների անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով չեղարկվում է։ Հրապարակումները հղում էին կատարել արտիստի մենեջերին։

«Մեծ ափսոսանքով ստիպված ենք հայտնել, որ համերգի կազմակերպիչների անբարեխղճության եւ պայմանագրի պայմանները չկատարելու պատճառով Ստաս Միխայլովի մենեջմենթը որոշել է չեղյալ հայտարարել ապրիլի 2-ին Երեւանում (Հայաստան) նախատեսված համերգը», - ասվում է արտիստի մենեջմենթի կողմից տարածված հաղորդագրության մեջ։ Նշվում է նաեւ, որ երգիչն «իր կարիերայի ընթացքում ոչ մի համերգ չի չեղարկել սեփական կամքով»։

NEWS.am STYLE-ը կապ է հաստատել համերգի կազմակերպիչ՝ Մոսկվայում գտնվող «К-концерт» կազմակերպության հետ եւ մեզ հայտնեցին, որ  «համերգի չեղարկման մասին Միխայլովի մենեջերների կողմից պաշտոնական հաղորդագրություն չեն ստացել»։ Ավելին, «պայմանագրի բոլոր կետերը կատարված են եւ խախտման մասին խոսք անգամ լինել չի կարող, այդ իսկ պատճառով տոմսերը դեռ ուժի մեջ են վաճառվում են սովորական ռեժիմով»։

Ավելի մանրամասն տեղեկություններ ամենայն հավանականությամբ կլինեն արդեն երկուշաբթի։ NEWS am. STYLE-ը կապի մեջ է կազմակերպիչ ընկերության հետ եւ Ձեզ պարբերաբար կտեղեկացնի նորությունների մասին։



© NEWS.am STYLE