Չարենցի եւ Իսահակյանի պոեզիան` Մանսուրյանի երաժշտությամբ. մաեստրոն` առաջիկա համերգների մասին

16:35   18 մարտի, 2019

Մաեստրո Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված երեւանյան համերգների շարքը կշարունակեն մարտի 21-ին եւ 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք երեկոները: Այս երկու համերգները ներկայացնելու են տարբեր ծրագրեր. առաջին համերգը նվիրված կլինի Չարենցի, իսկ երկրորդը` Իսահակյանի պոեզիային:

«Այս համերգներով մենք ցույց ենք տալու մեր պոետների աշխատանքը` Մանսուրյանի երաժշտությամբ: Այս համերգը կլինի սկիզբը, որից հետո համերգներ կունենանք նաեւ Ռուսաստանում եւ այլ երկրներում: Երեւանում եւս կլինեն բազում համերգներ: Երջանկություն է ունենալ երգչախումբ եւ այսպիսի կոմպոզիտոր: Մեզ բախտ է վիճակվել Մանսուրյանի ստեղծագործությունները երգչախմբի միջոցով հրամցնել ունկդրին»,-այսօր` մարտի 18-ին կայացած ասուլիսին նշեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Ռոբերտ Մլքեյանը:

Մաեստրոն իր հերթին նշեց, որ երկար տարիներ է պատրաստվել այս համերգներին: «Այս երկու հեղինակները, որոնք քայլել են մեր քաղաքում... Ինձ համար շատ կարեւոր է նրանց նվիրված համերգներ ունենալ: Շատ կարեւոր է կողմնորոշվել, թե որ պոեզիան պետք է ներկայացվի մեներգով, որը` խմբերգով: Դրանք շատ տարբեր են: Բաներ կան, որ մի մարդու ասածն է ճիշտ, եւ հակառակը... Այս համերգները դասակարգված են այդ սկզբունքով` մեներգեր եւ խմբերգեր: Չարենցին նվիրված համերգի դեպքում ընտրվել են այն բանաստեղծությունները, որոնք իմ պատկերացմամբ` Չարենցի կյանքի ուղին են ներկայացնում: Աշխատել եմ, որ եռյակները լինեն կոնտրաստի սկզբունքով: Համերգի ընթացքում կլինի նաեւ արտիստ, որը կասմունքի Չարենց»:

Նույն սկզբունքով կընթանա նաեւ Իսահակյանին նվիրված համերգը: «Իսահակյանի պոեզիայում մեներգերը փոքր-ինչ գերակշռում են: Ստացվել է այնպես, որ նրա պոեզիան առաջնային երգել են ժողովրդական երգիչներ, եւ թվում է` այս պոեզիայի համարժեքը դա է: Կարելի է եւ համաձայնվել, եւ ոչ, որովհետեւ շերտեր կան, որ հասնում են մինչեւ հոգեւոր երաժշտություն»,-համոզված է Մանսուրյանը:

Մարտի 21-ին եւ 26-ին կայանալիք համերգներին ելույթ կունենան մի շարք երաժիշտներ եւ երգիչներ` Իրինա Զաքյանը, Արթուր Ավանեսովը, Քրիստինե Սահակյանը, Գուրգեն Բաբեյանը, Յանա Դարյանը, Տաթեւիկ Մովսեսյանը եւ Լուսինե Հակոբյանը: Չարենցին նվիրված համերգին բանաստեղծի գործերից կասմունքի դերասան Սամվել Թոփալյանը, Իսահակյան կասմունքի Բաբկեն Չոբանյանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE