Ջոնի Դեփը դատարանում 87 տեսանյութ է ցույց տվել, որոնցում նախկին կինը՝ Էմբեր Հերդը, ծեծի է ենթարկում իրեն

13:03   19 մարտի, 2019

Հոլիվուդյան 55-ամյա դերասան Ջոնի Դեփը կարծես ցանկանում է ոչ միայն վերականգնել անունը՝ ապացուցելով, որ երբեք ծեծի չի ենթարկել նախկին կնոջը՝ Էմբեր Հերդին, այլեւ վրեժ լուծել նրանից զրպարտության համար։ Դերասանը նրա դեմ հայց է ներկայացրել եւ դատավորներին 87 կարճ տեսանյութեր ցույց տվել, որոնցում 32-ամյա դերասանուհին բռնություն է գործադրում ամուսնու նկատմամբ։

Տեսագրություններն արվել են տեսահսկման սարքերի միջոցով, որոնք տեղադրված են զույգի առանձնատանը։ Դրանցում երեւում է՝ ինչպես է Էմբերը պարբերաբար հարձակվում ամուսնու վրա, ագրեսիվ վարքագիծ դրսեւորում, հայտնում է Lad Bible հրատարակությունը։

Դեփի խոսքով՝ Հերդը մի անգամ կարող էր իրեն առանց մատի թողնել՝ իր վրա վիսկիի շիշ նետելով։ Ծանր ապակին կտրել է դերասանի աջ ձեռքի միջնամատը եւ կարող էր հանգեցնել անդամահատման։

Ջոնի Դեփը հոլովակները չի ցուցադրել նախկին կնոջից վնասվածքի համար փոխհատուցում պահանջելու համար։ Դերասանը կարծում է, որ նա զրպարտել է իրեն եւ ցանկանում է 50 մլն դոլար ստանալ  համբավին պատճառված վնասի համար։

Ավելի վաղ դերասանը դատարանում խոստովանել էր, որ Էմբերը դավաճանել է իրեն, ընդ որում, դա տեղի է ունեցել ամուսնությունից մեկ ամիս անց։ Միլիարդատեր Իլոն Մասկը եղել է ամուսինների տանը, երբ Ջոնին նկարահանումների է եղել եւ նույնիսկ գիշերը մնացել է Հերդի հետ։      

Էմբեր Հերդը եւ Ջոնի Դեփն ամուսնալուծության համար դիմել են 2016թ.-ին ամուսնությունից 15 ամիս անց։ Դերասանուհին հայտարարել է, որ նա իրեն ծեծի է ենթարկել։ 2017թ.-ի հունվարին ամուսինները պաշտոնապես բաժանվել են։



© NEWS.am STYLE