Գյումրիում անցկացվելու է «Դուետ» առաջին միջազգային թատերական փառատոնը

14:05   20 հունիսի, 2013

«Դուետ» առաջին միջազգային թատերական փառատոնն անցկացվելու է հուլիսի 1-8-ը, Գյումրիում: Փառատոնին մասնակցելու է 20 թատրոն. 12-ը՝ Հայաստանից, մնացածը՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից եւ Վրաստանից: Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը:

Փառատոնն անցկացվելու է «Գյումրի. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում: Բոլոր ներկայացումներն անցկացվելու են Գյումրիի Դրամատիկական թատրոնում եւ Արվեստի ակադեմիայում: Փառատոնի առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր բեմադրության մեջ երկու դերասան է խաղում:

Պրոֆեսիոնալ դերասանների հետ փառատոնին կմասնակցեն նաեւ թատերական աշխարհի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Նիկոլայ Ծատուրյանի խոսքով, դա կնպաստի հայրենի եւ արտասահմանյան դերասանների միջեւ փորձի փոխանակմանը:

Փառատոնը բացվելու է Մոսկվայի դրամատիկական թատրոնի «Կյանքը վարդագույնով» ներկայացմամբ՝ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ: Փառատոնը մրցութային չէ, այդ պատճառով արձանիկների տեսքով մրցանակները տրվելու են բոլոր մասնակիցներին:

Փառատոնն անցկացվում է Հայաստանի Մշակույթի նախարարության եւ Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի աջակցությամբ: Փառատոնի կազմակերպմանը մասնակցել է նաեւ ԱՊՀ անդամ պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամը: 



© NEWS.am STYLE