«Կարծում եմ՝ Հոլիվուդը չգիտի, թե ինչպես պետք է վարվի ինձ հետ». Գերի Օլդմենը նշում է 61-ամյակը

13:45   21 մարտի, 2019

Այսօր՝ մարտի 21-ին, իր ծննդյան տարեդարձն է նշում անգլիացի հայտնի դերասան Գերի Օլդմենը: Օլդմենն իր ժամանակաշրջանի լավագույն դերասաններից է համարվում, որի մրցանակների շարքն ընդգրկում է «Օսկար», BAFTA, «Ոսկե Գլոբուս», «Էմմի» եւ այլն:

Թատրոնում իր կարիերան Օլդմենը սկսել է 1979 թ-ին, իսկ էկրանային դեբյուտը եղել է «Հիշողություն» ֆիլմում, որին հաջորդել է եւս մեկ դեր «Միեւնույն ժամանակ» ֆիլմում:

Դերասանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Իրական սեր», «5-րդ տարրը», «Պրոֆեսիոնալը», «Հարի Փոթեր» եւ այլն:

Այսօր վերհիշել ենք դերասանի արտահայտած մտքերից մի քանիսը:

«Ցանկանալ լինել լավ դերասան բավական չէ դրա համար: Դու պետք է փորձես դառնալ մեծագույն դերասան»:

«Կարծում եմ՝ Հոլիվուդը չգիտի, թե ինչպես պետք է վարվի ինձ հետ: Մարդիկ ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես ունեմ հումորի զգացում, երբեմն ես, նույնիսկ, ծաղրածուի եմ նմանվում: Կցանկանայի, որ բոլորը հայտնագործեին իմ այդ բնույթն ու ինձ որեւէ դեր առաջարկեին ռոմանտիկ կատակերգություն ժանրում»:

«Մենք ընկերներին ընտրում ենք ըստ բնավորության, իսկ գուլպաները՝ ըստ գույների»:

«Ես սիրում եմ թատրոնի պոեզիայի պարզությունը, երբ դու կանգնած ես լույսի ներքո, վրայիցդ նետում ես վերարկուդ ու ասում՝ «Ձմեռ էր. 1860 թիվ»»:

«Ի դեպ, ես ավելի շատ դրական կերպարների եմ մարմնավորել, քան չարագործների»:

«Ես, պարզապես, չեմ կարողանում ստել: Ես շատ վատ լրտես կլինեի»:

«Եթե հնարավոր լիներ իրականացնել երազանքը կամ էլ այլընտանքային կյանք ունենալ, ես կընտրեի Ջոն Լենոնի կյանքը»:

«Շատ հետաքրքիր հնարավորություններ են հայտնվում քո ճանապարհին, բայց մեծանալով՝ կենսակերպդ փոխվում է: Ես այժմ նախընտրում եմ ժամանակս անցկացնել ոչ թե թանկարժեք հյուրանոցներում, այլ ընտանիքիս կողքին»:

«Շեքսպիրը երբեք ենթատեքստ չի ունեցել, մենք ենք ստեղծում այդ ենթատեքստը»:

«Իմ կիրքն ու էներգիան շփոթում են բարկության հետ»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE