Խորեն Լեւոնյանի, Սարգիս Գրիգորյանի, Արաբո Գրիգորյանի եւ այլ հայտնիների մասնակցությամբ «Ա.Կ.Ա» ֆիլմի պրեմիերան (ֆոտո)

22:53   21 մարտի, 2019

Երկու սերունդ, երկու եղբայր, մեկ ընտանիք, բարդ փոխհարաբերություններ…

Այսօր՝ մարտի 21-ին, Երեւանում կայացավ Արմեն Միրզոյանի «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը երկու եղբայրների դաժան ճակատագրի մասին է, որոնք կյանքի բերումով հայտնվում են տարբեր բեւեռներում: Եղբայրներից ավագը՝ Արթուրը, պայքարում է հանուն արդարության, ինչի համար դեմ է գնում, նույնիսկ, կրտսեր եղբորը՝ Արամին, որի անփութությունը ճակատագրական է լինում ամբողջ ընտանիքի համար:

Արթուրը եղբորը չի կարողանում ներել հոր մահվան համար, ինչից էլ եղբայրների միջեւ պատերազմ է սկսվում:

Ֆիլմում Արթուրին մարմնավորում է Խորեն Լեւոնյանը, որը նկարահանվելու հրավերը ստացել է դերասան Սարգիս Գրիգորյանից, որը նաեւ ֆիլմի պրոդյուսերներից է:

«Մենք պետք է շատ ուրախ լինենք, որ այսօրվա ֆիլմարտադրություն մեջ նկարահանվում են գեղարվեստական ֆիլմեր ու մենք պետք է որքան ուժ ունենք, լինենք այդ ֆիլմ նկարահանողի կողքին: Այս ֆիլմում անուններ կան, որոնց հետ միշտ կարելի է աշխատել»,-ասում է դերասանը:

Արաբո Գրիգորյանը, որը ֆիլմում մարմնավորում է կրտսեր եղբորը՝ Արամին, շատերի համար բացահայտում կլինի՝ որպես դերասան: Նա նաեւ ֆիլմի համապրոդյուսերներից է:

«Հանդիդատեսի համար փորձել ենք այնպիսի ֆիլմ ստեղծել , որով կհաղորդեինք բոլոր էմոցիաները: Ֆիլմն իսկական տղամարդկանց եւ կանանց մասին է: Մենք մաքսիմալ նվիրվել ենք գործին ու հուսով եմ՝ հեռուստադիտողն անպայման կտեսնի ու կգնահատի դա»,-ասում է դերասանը:

Ֆիլմի համանուն կերպարին՝ Ա.Կ.Ա-ին, մարմնավորում է Սարգիս Գրիգորյանը: Ֆիլմասերները դերասանին կտեսնեն կտրուկ փոփոխված կերպարով:

«Եթե ուշադիր նկատեցիք, ֆիլմի հերոսները երեք իսկական տղամարդիկ են: Արժնապատվություն, թասիբ, նամուս… Առաջին հերթին իսկական տղամարդկանց ու հրաշալի կանանց մասին ֆիլմ ենք փորձել ստեղծել: Հայ տղամարդու կերպարն ինձ համար շատ կարեւոր էր այս ֆիլմում: Շնորհակալ եմ բոլոր դերասաններին եւ կազմին: Շնորհքով մարդիկ պետք է իրար գտնեն եւ փորձեն միմյանց հետ շատ կարեւոր բաներ ստեղծել»,-ընդգծեց նա՝ անդրադառնալով նաեւ ֆիլմի անվան ընտրությանը.

«Ա.Կ.Ա-ն ոչ միայն գլխավոր հերոսների անվան առաջին տառերն է ներկայացնում,  այլեւ հրացան է, կերպարի մականունը հենց դրանով է պայմանավորված»:

Ֆիլմը որոշ առումով պատմություն է նաեւ իրական փաստերի հիման վրա: Այնտեղ հեռուստադիտողը կտեսնի տեսարաններ, որոնք վերջին մեկ տարվա արդեն հայտնի իրադարձություններից են ոգեշնչված:

Ֆիլմն աչքի է ընկնում նաեւ աստղային կազմով: Այստեղ կտեսնեք Աննա Դովլաթյանին, որը մարմնավորում է կուրացած երգչուհու՝ Սամիրայի կերպարը, Աննա Գրիգորյանին, որը ֆիլմի ճակատագրական կերպարներից է, Նարինե Պետրոսյանին՝ Արթուրի կնոջ՝ Գայանեի կերպարում, Գեորգի Հովակիմյանին եւ այլ դերասանների:

Ձեզ ենք ներկայացնում NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժը՝ ֆիլմի պրեմիերայից, որտեղ կտեսնեք ոչ միայն դերասանական կազմին, այլեւ հայտնի հյուրերին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE