Երեւանի ֆրանսիական ռեստորանները. NEWS.am STYLE-ի տեսությունը

20:13   22 հունիսի, 2013

Ֆրանսիան գուրմանների երկիր է, որտեղ նրբահամ ուտեստների հանդեպ մարդկանց հետաքրքրության արդյունքում խոհարարական գլուխգործոցներ են ստեղծվում: Երեւանում նույնպես ֆրանսիական շքեղ ռեստորաններ կան, որոնք ոչնչով չեն զիջում եվրոպականներին:

Ֆրանսիացիների ազգային խոհանոցն առանձնանում է մեծ բազմազանությամբ, որը պայմանավորված է օգտագործվող մթերքների լայն տեսականիով եւ դրանք պատրաստելու տարբեր եղանակներով: Ֆրանսիայի տարբեր շրջաններում գոյություն ունեն ուտեստների պատրաստման սեփական առանձնահատկությունները:

Օրինակ՝ հարավային շրջաններում ճաշատեսակներն ավելի կծու են: Դրանք պատրաստում են գինով եւ տարատեսակ համեմունքներով, հատկապես՝ սխտորով եւ սոխով: Արեւելյան Էլզասի բնակիչներն առավելապես ուտում են խոզի միս եւ կաղամբ, իսկ հարավային եւ արեւմտյան ափամերձ շրջաններում՝ ծովամթերք: Ֆրանսիացիները սիրում են խոհարարության մեջ յուղերի տարբեր տեսակներ գործածել: Հյուսիսային եւ կենտրոնական շրջաններում ավելի շատ գործածում են սերուցքային կարագ, իսկ հարավում՝ ձիթապտղի ձեթ:

Ֆրանսիական խոհարարներն օգտագործում են մսամթերքի բոլոր տեսակները: Նրանք նաեւ հպարտանում են յուրահատուկ սոուսներով: Ֆրանսիական խոհանոցի առանձնահատկություններից մեկն էլ ուտեստի պատրաստման ժամանակ գինու, կոնյակի եւ լիկյորի օգտագործումն է:

Ֆրանսիական խոհանոցում պատվավոր տեղ է զբաղեցնում պանիրը: Հաշվվում է ավելի քան 500 տարատեսակ: Ֆրանսիայում, ինչպես եւ Հայաստանում, յուրաքանչյուր գյուղակ պանիր պատրաստելու սեփական անկրկնելի բաղադրատոմսն ունի: Լայնորեն հայտնի են ռոքֆորը, գրյուերը, կամամբերը:

Ոստրե – այն ֆրանսիական խոհանոցում հատուկ տեղ է զբաղեցնում: Խոհարարական արվեստի գիտակներն այն համարում են ամենանուրբ խորտիկը: Մատուցվող ոստրեներն աճեցնում են ծովի ջրով հատուկ ֆերմաներում, որտեղ աղի պարունակությունը նվազեցված է:

Անհնար է ուշադրություն չդարձնել նաեւ շքեղ աղանդերներին: Այդ հարցում ֆրանսիացիները, իհարկե, գիտակ են. բալի կարկանդակ, մրգերով տորթեր եւ հանրահայտ կրեմ-բրյուլե՝ կարամելի կեղեւով եփված սերուցք:

Ուսումնասիրելով Երեւանի ֆրանսիական ռեստորանները, մենք բախվեցինք մի շարք ազգային խոհանոցները մեկ՝ եվրոպականում միավորելու խնդրին: Մայրաքաղաքում 8 ռեստորան կա, որտեղ այս կամ այն չափով ներառված են ֆրանսիական խոհանոցի ճաշատեսակներ: Այդպիսիք են, օրինակ, «Florence»-ը, «Mozarteum»-ը, «Yans Club»-ը եւ այլն: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ որակով կամ պատրաստման եղանակով այդ ռեստորանները զիջում են նրանց, որտեղ միայն ֆրանսիական ուտեստներ են մատուցում: Այդ ռեստորաններում ֆրանսիական խոհանոցը նույնքան պատվավոր տեղ է զբաղեցնում, որքան իտալական, հայկական եւ այլ խոհանոցներ:

Սակայն մեր ուշադրությունը գրավեցին հենց այն հաստատությունները, որտեղ ներկայացված է միայն ֆրանսիական խոհանոցը: Դրանք համեմատաբար երիտասարդ են: Գրեթե բոլորը բացվել են 5-6 տարի առաջ: Դրանք ֆրանսիական հմայք, գեղեցկություն եւ նրբություն ունեն: Ռեստորաններից յուրաքանչյուրի ինտերիերը յուրօրինակ է:

Ինչ վերաբերում է ճաշացանկին, պետք չէ մոռանալ, որ ֆրանսիական խոհանոցն ամենահարուստներից է: Այդ պատճառով Երեւանում ներկայացված են ամենից հայտնի ճաշատեսակները: Ֆրանսիայի այցեքարտը, անշուշտ, «ֆուա-գրա» -ն է՝ սագի եւ բադի լյարդից պաշտետը, ինչպես նաեւ բազմաթիվ ուտեստներ տարբեր մսամթերքից: Հանրահայտ մսային սթեյքեր, ծովամթերքից ուտեստներ, կրուասաններ, բանջարեղենային ապուրներ, տարատեսակ պանիրներ, գաղտնի բաղադրատոմսերով սոուսներ. այս ամենն այս կամ այն չափով ներկայացված են Երեւանի ֆրանսիական ռեստորաններում:

«Նոյան Տուն» ռեստորանում ֆրանսիական շեֆ խոհարարն առաջարկում է ամենահամեղ ծովային խորտիկներից մեկը, որը նուրբ միս ունի՝ ծովախեցգետին: Ռեստորանում մսային տարբեր ճաշատեսակներ կան, որոնք ներմուծվում են Ֆրանսիայից:

Ֆրանսիացիները խստորեն հետեւում են ամբողջական սպասքավորմամբ երկարատեւ ընթրիքների ավանդույթի պահպանմանը, լինի դա տանը, թե ռեստորանում: Այս ավանդույթին մեծ նշանակություն են տալիս նաեւ «Charles»-ում: Այստեղ մեկ ուտեստից մյուսին անցումն արարողություն է: Ռեստորանը հայտնի է նաեւ սրահների յուրօրինակ եւ բազմազան ինտերիերով: «Charles»-ում փոքրիկ հրուշակագործարան կա, որտեղ համեղ ֆրանսիական աղանդեր են պատրաստում:

«Bel Etage»-ում կարելի է պրովանսյան ոճով տան ջերմ մթնոլորտ զգալ: Աչքի են զարնում սիրալիր անձնակազմը եւ ուշադիր սպասարկումը: «Bel Etage»-ում հատուկ բաղադրատոմսով ֆրանսիական հաց են թխում: Ճաշացանկում նաեւ հետաքրքիր աղանդերներ կան: Գրավիչ է հատկապես մելբուն՝ պաղպաղակով դասական աղանդեր, որ ստեղծվել է հեռավոր 1892 թվականին:

Ֆրանսիական խոհանոցն անհնար է պատկերացնել առանց գինու: Այն լայնորեն օգտագործվում է ինչպես ուտեստներ պատրաստելիս, այնպես էլ որպես խմիչք: Ֆրանսիան աշխարհի խոշորագույն գինի արտադրողն է: Այս երկիրը խաղողի տարբեր տեսակների հայրենիքն է, ինչպիսիք են, օրինակ, Կաբերնե Սովինյոնը, Շարդոնեն, Սովինյոն Բլանը եւ Սիրան: Յուրաքանչյուր շրջան արտադրում է կարմիր եւ սպիտակ գինիների որոշակի տեսակներ: Գինիների ամենամեծ հավաքածուն «Նոյան տուն» ռեստորանն ունի: Այստեղ կա ավելի քան 90 տարատեսակ՝ ինչպես ֆրանսիական, այնպես էլ այլ երկրների արտադրության: Ռեստորանը հսկայական հավաքածուով գինու հարուստ մառան է հիշեցնում:

Բոլոր ռեստորաններում ճաշացանկը թարմացվում է տարվա ընթացքում երկու եւ ավելի անգամներ: Ժամանող շեֆ խոհարարները նոր ճաշացանկը կազմելուց հետո սկսում են ուսուցանել տեղացի վարպետներին եւ անձնակազմին: Գները ցածր չեն, բայց միանգամայն համապատասխանում են առաջարկվող ճաշատեսակների որակին: Մեկ գավաթ գինիով ընթրիքն այստեղ մեկ անձի համար կարժենա 9.000-12.000 դրամ:

Չմոռանանք նաեւ ֆրանսիական սրճարան-բարերի մասին: Այդպիսիք են «La Boheme»-ը՝ շքեղ աղանդերով ու կոկտեյլներով, ինչպես նաեւ «Crepe de Paris»-ն, որտեղ կարելի է ախորժաբեր նրբաբլիթներ համտեսել:

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE