Սրբուկը՝ «Եվրատեսիլ»-ի յութուբյան ալիքի դիտումների լավագույն եռյակում. ովքե՞ր են նրա մրցակիցները

16:35   22 մարտի, 2019

«Եվրատեսիլ 2019» մրցույթի մեկնարկին մնացել է երկու ամիս ժամանակ, բայց Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը, կարծես, արդեն տոնում է իր առաջին հաջողությունները մրցույթի շրջանակում:

Երգչուհու Walking Out երգը, որը հեղինակել են Գարիկ Պապոյանը, Lost Capital-ը եւ Tokionine-ը (Դավիթ Բադալյան), թողարկման առաջին իսկ օրվանից արժանացավ հայ երկրպագուների համակրանքին: Հարկ է նշել նաեւ, որ այս տարվա մեր մասնակցի տեսահոլովակը, որի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, բուռն քննարկվեց նաեւ եվրոպացի բլոգերների կողմից:

YouTube-ում տեղադրված քննարկումներում հատկապես ընդգծվում են Սրբուկի վոկալային տվյալներն ու նրա երգի մեսիջը՝ «մի սպանիր սերը, սակայն նաեւ թույլ մի տուր, որ սերը սպանի քեզ»:

Երգի հաղորդագրությունը հասել է նաեւ մրցույթի երկրպագուներին: Այս մասին վկայում են «Եվրատեսիլ»-ի YouTube-ի պաշտոnական էջում տեղադրված տեսահոլովակի դիտումները, որոնք արդեն անցել են 3 միլիոնը:

Սրբուկն ընդհանուր առմամբ ունի 3,3 միլիոն դիտում: Այս ցուցանիշով հայ մաանակիցը YouTube-ում զբաղեցնում է երկրորդ տեղը: Դիտումների առաջատարը շարունակում է մնալ Նիդերլանդների ներկայացուցիչը՝ Դունքան Լոուրենսը: 24-ամյա երգիչը պատմում է իր կոտրված սրտի եւ պարտված սիրախաղի մասին: Arcade երգը Լոուրենսին բերել է 3,5 միլիոն դիտում:

Դիտելիության լավագույն եռյակում է նաեւ Մալթայի ներկայացուցիչը՝ Միշելը, որի տեսահոլովակը մրցույթի պաշտոնական ալիքում դիտել է 2,8 միլիոն մարդ:

Շվեդիան շարունակում է մրցույթում ներկայացնել ուժեղ երգիչներ եւ երգեր: Այս է վկայում նրանց այս տարվա ներկայացուցչի հաջողությունը: Ջոն Լանդվիկի Too Late For Love երգն ունի 1,2 միլիոն դիտում:

Ռուսական շոու-բիզնեսի հայտնի երգիչ Սերգեյ Լազարեւը, որն այս տարի կրկին որոշել է ուժերը փորձել համաեվրոպական հեղինակավոր մրցույթում (երգիչը Ռուսատանը ներկայացրել է նաեւ 2016 թ-ին), եզրափակում է ամենաշատ դիտումներ գրանցած ներկայացուցիչների հնգյակը: Ռուսաստանի ներկայացուցչի Scream երգը հավաքել է 1,1 միլիոն դիտում:

Միլիոնի եզրագիծը հատել են նաեւ Իտալիայի ներկայացուցիչը՝ Մահմուդը եւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Բիլալ Հասանին:

Մրցույթի անցած տարվա առաջատարը՝ Իսրայելը, այս պահի դրությամբ ունի 565 հազար դիտում: Այս տարի նախորդ տարվա հաղթող երկիրը մրցույթում կներկայացնի Կոբի Մարիմին՝ Home երգով:

Իսկ Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզն ունի 878 հազար դիտում:

Չնայած այս ցուցանիշներին՝ մրցույթի երկրպագուներն ու, առհասարակ, «Եվրատեսիլ»-ին ծանոթ մարդիկ չեն շտապում կանխատեսումներ անել, քանի որ հաճախ դիտումներն ու դրական մեկնաբանությունները մրցույթի ավարտին չեն դառնում հաղթանակի ցուցանիշ: Այնուամենայնիվ, նույնիսկ, ամենաքննադատ օգտատերերը, կարծես, թե հավանել են Սրբուկի եվրատեսիլյան երգը, ինչը վկայում են ֆեյսբուքյան գրառումներն ու երգի տակ արված մեկնաբանությունները:

Թե ինչ արդյունք կգրանցի հայ մասնակիցը մրցույթում, եւ արդյոք Հայաստանը կհյուրընկալի եվրոպական հանդիսատեսին մյուս տարի, պարզ կդառնա միայն մայիսին: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 14-ին, երկրոդը՝ 16-ին, իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին: Սրբուկը կներկայանա երկրորդ կիսեզրափակչի առաջին մասում: Այս տարի մրցույթը կանցկացվի Իսրայելում՝ Թել Ավիվում՝ 41 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Instagram-ից



© NEWS.am STYLE