Ֆրանսիացի երգիչները հայկական բեմում

17:15   22 մարտի, 2019

Մայիսի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկույթ, որին կմասնակցեն ֆրանսիացի երգիչ-երգչուհիներ՝ Պատրիկ Ֆիորին, Սլիման, Լեա Կաստելը, Հելենա Սեգարան եւ այլք:

Ազնավուրյան կոլորիտով լեցուն համերգային ծրագիրը ունի խորհդանշական ձեւաչափ. այն կկոչվի «Քեզ համար, Հայաստան»: Այս երգը մեծանուն շանսոնյեն գրել էր 88թ.-ի երկրաշարժից օրեր անց: Համերգի գլխավոր կազմակերպիչն է «Armcenter» կազմակերպությունը, աջակիցները՝ Աննա Քարոլինա պրոդաքշնը եւ Շահբազյան պորդյուսերական կենտրոնը (Ֆրանսիա):

Շառլ Ազնավուրի ծննդյանը օրը մայիսի 22-ին է, սակայն համերգը կայանալու է 4 օր անց: Կազմակերպիչները, սակայն, նշում են, որ ողջ տարի է նշվելու նրա հոբելյանը, քանի որ նա խորհրդանիշ է, որն ապրելու է հավերժ: Կազմակերպիչները վստահ են, որ համերգը կլինի Ազնավուրյան նոտաներին հարիր, կկարողանան այդ բարդ նշաձողը հաղթահարել:

Համերգային ծրագիրը կուղեկցվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան: Համերգին ներկա կգտնվի Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը կնոջ՝ Քրիստինա Ազնավուրի հետ: Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց` tomsarkgh.am կայքի միջոցով կամ զանգահարել+374 60 27 60 00:



© NEWS.am STYLE