Նատալյա Օրեյրոն Պուտինից ՌԴ քաղաքացիություն է խնդրել եւ հետաքրքրվել՝ ինչպես է ռուսերենով հնչում Հայաստանը (վիդեո)

22:22   23 մարտի, 2019

«Վայրի հրեշտակը» սերիալի աստղ Նատալյա Օրեյրոն «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում Ռուսաստանում է։  Երգչուհին ապրիլի 7-ին համերգով հանդես կգա նաեւ Երեւանում։

Ռուսաստանում շրջագայության նախօրյակին նա մասնակցել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը։ Օրեյրոն Ուրգանին ցույց է տվել նոր դաջվածքը. նա մեջքին գրել է բոլոր այն քաղաքների անունները, ուր համերգներով հանդես կգա մոտակա ժամանակներում։ Քաղաքների անունների շարքում է նաեւ Հայաստանի մայրաքաղաքը՝ «07.04 Երեւան»։

Հաղորդավարը հետաքրքրվել է՝ արդյոք այդ շարունակական համերգային շրջագայության ընթացքում երգչուհու ամուսինը կկատորի՞ նրան, ինչին ի պատասխան Օրեյրոն հայտնել է, որ ամուսինն իրեն կմիանա Հայաստանում։ Ուրգանտը հարցրել է՝ արդյոք նա կժամանի՞ Ռուսաստան։

«Հայաստան։ Ի՞նչ է, ես քեզ հետ այլ լեզվով եմ խոսում։ Հայաստան, Հայաստան։ Ինչպե՞ս է հնչում Հայաստան ռուսերենով»,- հավելել է երգչուհին։

Նատալյա Օրեյրոն հաճախ է այցելում Ռուսաստան։ Նա նշում է, որ իրեն ոչ միայն ռուս է զգում, այլեւ «ավելի շատ ռուս, քան Ժերար Դեպարդյեն», ով մի քանի տարի առաջ է քաղաքացիություն եւ գրանցում ստացել Սարանսկում։

«Մնում է միայն, որ Պուտինն ինձ անձնագիր հանձնի»,- ժպիտով կատակել է երգչուհին։ Այնուհետեւ Ուրգանտը նրան առաջարկել է հենց եթերի ժամանակ դիմել Ռուսաստանի նախագահին, ինչը երգչուհին արել է։



© NEWS.am STYLE