Վալերի Լեոնտեւի թիկնապահը կոպտորեն հրե՞լ է աղջկան, թե փրկել նրան  

17:15   26 մարտի, 2019

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել երգիչ Վալերի Լեոնտեւի հոբելյանական համերգի ընթացքում. աստղի թիկնապահը հրել է ծաղկեփունջ նվիրել ցանկացող աղջկան։

Արտիստը վերջին տարիներին հազվադեպ է համերգներով հանդես գալիս, այդ պատճառով յուրաքանչյուր ելույթ մեծ հաջողությամբ է անցնում։ Վերջերս Վալերի Լեոնտեւը Կրեմլում նշել է 70-ամյակը, եւ համացանցում է հայտնվել տհաճ միջադեպի տեսագրությունը, որը տեղի է ունեցել  Սանկտ Պետերբուրգի «Օկտյաբրսկի» համերգասրահում ելույթի ընթացքում։ Հիթի կատարման ընթացքում արտիստն իջել է բեմից եւ մոտեցել հանդիսատեսին։ Շարքերով նա անցել է թիկնապահի ուղեկցությամբ։ Երկրպագուները փորձել են ծաղիկներ եւ փուչիկներ նվիրել։ Լեոնտեւը, առանց նայելու, դրանք փոխանցել է թիկնապահին։

Այդ պահին աղջիկը փորձել է ծաղկեփունջ նվիրել երգչին, սական թիկնապահի գործողությունները կայծակնային են եղել։ Նա կոպտորեն հրել է աղջնակին եւ քայլել աստղի ետեւից։ Օգտատերերը թիկնապահի գործողությունները դաժան են անվանել՝ նշելով, որ փոքրիկ աղջիկն արտիստի համար վտանգ չէր ներկայացնում։

Համացանցում դժգոհության ալիքի առնչության Լեոնտեւի մամուլի քարտուղար Տատյանա Ֆեդոտկինան մեկնաբանել է իրավիճակը Telegram-ի Lshot ալիքի համար։ Նրա խոսքով՝ երբ արտիստը դահլիճ է իջնում, դա սթրեային իրավիճակ է։ Երկրպագուները մեծ խմբով վազում են նեղ ճանապարհով՝ փորձելով ծաղկեփունջ նվիրել։

«Աղջիկը, ով մութ սրահում վազում էր մեծահասակների հետ, վտանգավոր գոտում էր։ Թիկնապահը, ով եւս երեխաներ ունի տեսել է աղջկան, դուրս բերել խմբից եւ փրկել՝ նստեցնելով թիկնապահների համար նախատեսված ազատ վայրում, որպեսզի նրան չտրորեն։ Չէ՞ որ նրան կարող էին հրել, նա կարող էր ընկնել»,- պարզաբանել է արտիստի ներկայացուցիչը։ Սակայն, ըստ կադրերի, հանդիսատեսն իր տեղում է մնացել։ Շարքերի միջեւ շարժ չի եղել։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Legion-Media, Life.ru



© NEWS.am STYLE