Լավ մոռացված հինը. Արթնացի՛ր, Նեո «Մատրիցա»

20:33   27 մարտի, 2019

Հազարամյակի սահմանագծին Հոլիվուդը մեզ նվիրեց անիրական հրաշք, բլոքբասթեր, որը ստիպում է խորհրդածել: NEWS.am STYLE-ը ներկայացնում է 1999 թվականի կինոնկար՝ գիտական ֆանտաստիկայի եւ մարտաֆիլմի ժանրում՝ «Մատրիցա»-ն (ի դեպ, մարտի 24-ին ֆիլմը 20 տարեկան դարձավ):

Ռեժիսորններն ու սցենարիստներն են Էնդրյու եւ Լոուրենս Վաչովսկիները, գլխավոր դերերում նկարահանվել են՝ Կիանու Ռիվզը, Լորենս Ֆիշբորնը, Քերրի-Էնն Մոսսը, Հյուգո Ուիվինգը եւ այլք:

Ֆիլմը Թոմաս Անդերսենի մասին է, ում կյանքը բաժանված է 2 մասի՝ ցերեկը նա ամենասովորական գրասենյակային աշխատող է, իսկ գիշերը կերապարանափոխվում է Նեո անունով հաքերի: Սակայն մի օր ամեն ինչ փոխվում է, հերոսն իմանում է, որ իրեն շրջապատում է ոչ ավելին, քան պատրանք-Մատրիցան, իսկ մարդիկ ընդամենը արհեստական ինտելեկտի սնուցման աղբյուրն են, որը շահագործում է մարդկությանը:

Հրաշալի եմ հիշում այն օրը, երբ այս գլուխգործոցն առաջին անգամ դիտեցի. ես 10 տարեկան էի եւ ավագ եղբորս հետ ֆիլմը դիտում էի հեռուստացույցով: Դիտելուց հետո տպավորությունները մինչ օրս ինձ չեն լքում:

Եթե ինձ հարցնեն՝ ի՞նչ է «Մատրիցան», ես կպատասխանեմ՝ սա կինոյի էվոլյուցիա է, որը սկսել են Վաչովսկի եղբայրները (իսկ հիմա արդեն Վաչովսկիների քույրը): Ժամանակակից ֆիլմերը դիտելիս քանիցս ենք մեզ բռնում այն մտքի վրա, որ սա ասես այնպես է, ինչպես «Մատրիցայում»:

Որպես վիրտուալ աշխարհ իրականության փոխանցման բուն գաղափար, իհարկե, մեր երեւակայությունը տակնուվրա է անում՝ առաջացնելով հարցերի կույտ, որոնց պատասխանները չեն գտնվում: Արծարծված է անչափ կարեւոր փիլիսոփայական թեմա՝ ճակատագիրը որպես այդպիսին: Ընդ որում՝ կինոժապավենի հեղինակները մեզ ապացուցում են դրա գոյությունը, բայց միաժամանակ՝ մեր ընտրության իրավունքը: Մեքենաների աշխարհ, համակարգիչների աշխարհ, մարդկանց բնաջնջում եւ Մատրիցա՝ որպես այլընտրանքային իրականություն միլիարդավոր մարդկանց համար, որոնք ծառայում են մեքենաներին՝ այդ մասին անգամ չկասկածելով: Դիտումից հետո միտք է ծնվում՝ իսկ եթե այն ամենը, ինչ գիտենք, սո՞ւտ է, համակարգչային գրաֆիկա՞:

Կիանու Ռիվզ (Նեո, միսթր Անդերսեն) - ամբողջ Հոլիվուդում ընտրյալի դերի համար ավելի լավ թեկնածու չէր գտնվի: Իսկ երկար սեւ կաշվե անձրեւանոցով եւ արեւապաշտպան ակնոցով նա ուղղակի հոյակապ է:

Քերրի-Էնն Մոսս (Թրինիտի) – անչափ լավ դերասանուհի է: Նրա դերակատարումները միշտ հիշվում են:

Լորենս Ֆիշբերն (Մորֆեուս) – ֆիլմի ամբողջ ընթացքում նրա հերոսը հավատով լի է: Եվ միայն դա է նրան օգնում եւ տանում դժվար կյանքի միջով:

Ցանկանում եմ առանձին անդրադառնալ Հյուգո Ուիվինգին (միսթր Սմիթ) – խաղը հիացնում է: Ամբողջ ֆիլմի ընթացքում, անկախ իրավիճակից, նրա հերոսը, որպես իսկական համակարգչային արարած, պահպանում է համեմատական հանդարտությունը, անկախությունը եւ ինքնավստահությունը:

Ֆիլմի յուրաքանչյուր պահ ուղեկցվում է օրիգինալ եւ անչափ գրագետ (այլ բառ դժվար է ընտրել) սաունդթրեքով: Այնպիսի ստեղծագործությունները, ինչպես Rage against the machine խմբի Wake up-ը կամ -Clubbed to Death-ը (Rob Dougan) երկար են տպավորվում սիտիդ մեջ:

«Մատրիցան» յուրահատուկ ֆիլմ է, կինոնկարի յուրաքանչյուր դիտում գրավիչ անկում է ճագարի բնի մեջ: Դուք ի՞նչ կընտրեիք: Կապո՞ւյտը, թե՞ կարմիրը: Անտեղյակությո՞ւնը, թե՞ դաժան իրականությունը: Պայքա՞րը, թե պասիվությունը: Հարցերն անվերջանալի են…

Անձամբ ինձ համար «Մատրիցան» հարյուրամյակի կինո է, սիրելի եւ անփոխարինելի ֆիլմ: Կինո, որը մեկ երկխոսությամբ գլխիվայր շրջեց իմ ամբողջ աշխարհայացքը:

- Դու հավատո՞ւմ ես ճակատագրին:

- Ոչ:

- Ինչո՞ւ:

- Տհաճ է մտածել, որ քեզ մանիպուլացնում են:

P.S.

Դիտեք ու խորհրդածեք: Գիտակցեք, որ ձեր ապագան միայն ձեր ձեռքերում է: Եղեք նա, ով պետք է լինեք:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 

 



© NEWS.am STYLE