Վարսահարդարի խորհուրդները. կտրվածք ենք անում

21:10   21 հունիսի, 2013

Մազերի կտրվածք ընտրելը պատասխանատու գործ է: Այդ հարցում ավելի լավ է վստահել մասնագետին: NEWS.am STYLE-ը դիմել է վարսահարդար Լուսինե Գրիգորյանին, որպեսզի ընթերցողներին օգնի կողմնորոշվել ընտրության հարցում:

«Շատ կանայք ընտրում են այնպիսի կտրվածք, որն իրենց դուր է գալիս՝ մոռանալով, որ ոչ բոլոր կտրվածքներն են սազում իրենց դեմքի կառուցվածքին: Սակայն հենց դրանից ելնելով էլ պետք է մազերի կտրվածք ընտրել:

Եթե ձեր դեմքը օվալաձեւ է, համարեք, որ ձեր բախտը բերել է: Այն համարվում է դեմքի կատարյալ կառուցվածքը: Ձեզ կսազի ցանկացած կտրվածք, հարդարում, ճակատի մազափունջ, մազերի բացվածք: Այնպես որ՝ կարող եք համարձակ կերպով փորձարկումներ անել:

Եթե ձեր դեմքը եռանկյունաձեւ է, ապա պետք է ընտրեք այնպիսի կտրվածք, որը կօգնի մեղմել դեմքի «անկյունայնությունը»: Ձեզ կսազեն խիստ ուղիղ գծերով կտրվածքները, ինչպես նաեւ տարբեր ծավալուն կտրվածքներ: Ամենակարեւորը, մազերը պոչ մի կապեք առանց բացվածքի՝ ուղիղ դեպի հետ սանրելով: Այդ տարբերակը ձեզ կտրականապես հակացուցված է:

Եթե ձեր դեմքը քառակուսի է, ապա պետք է ընտրեք այնպիսի կտրվածք, որը  դիմագծերն ավելի նուրբ կդարձնի, կմեղմացնի կոպտությունը: Դեմքի նման կառուցվածքով շատ կանայք ճակատի մազափունջ են անում: Բայց այն նույնպես ընդգծում է դեմքի կառուցվածքի կոպտությունը: Փորձեք անհամաչափ գծերով կտրվածքներ: Ձեզ համար դա կատարյալ տարբերակ է:

Իսկ եթե ձեր դեմքը կլոր է, հիշեք, որ փնջերն ու պոչիկները ձեզ համար չեն: Ձեզ կսազեն այնպիսի կտրվածքներ, որոնք տեսողականորեն ձգում են դեմքը: Օրինակ՝ թեք գծով ճակատի մազափունջ եւ անհամաչափ կտրվածքներ»:



© NEWS.am STYLE