«Արտավազդ» մրցանակաբաշխություն. Խորեն Լեւոնյանը՝ լավագույն դերասան, Տաթեւ Մելքոնյանը` լավագույն դերասանուհի

22:53   27 մարտի, 2019

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս մարտի 27-ը` Թատրոնի միջազգային օրը, Երեւանում նշանավորվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ, որի նպատակն է հայտարարել նախորդ տարվա լավագույն թատերական գործիչներին: Այս տարվա մրցանակաբաշխությունը նվիրված էր հայ ականավոր թատերական գործիչ, Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիր Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին:

Արարողության հանդիսավարներն էին Մարիամ Ղազանչյանն ու Ավո Խալաթյանը, որոնք բացման խոսքը տրամադրեցին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին:

«Շնորհավորում եմ թատերասեր հասարակությանը մեր պրոֆեսիոնալ տոնի՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ, կասկած չունեմ, որ այն, ինչ տեղի կունենա այստեղ, ձեզ բոլորիդ դուր կգա, կարծում եմ՝ հավանություն կտաք մրցանակաբաշխության արդյունքներին: Այսօրվա մրցանակաբաշխությունը նվիրված է հայ մեծանուն թատերական գործիչ, դերասան, բեմադրիչ, թատերական գործի կազմակերպիչ Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին:

Մրցանակաբաշխությունը ժամանակ առ ժամանակ փորձում է հիշեցնել մեզնից հետո եկող սերունդներին, որ եղել են հզոր դեմքեր, որոնք կայացրել են սովետահայ թատրոնը, որն իր պատմությամբ մեր մշակույթի հզորագույն էջն է: Իսկ Տիգրան Շամիրխանյանի ողջ ստեղծագործական կյանքը նվիրվել է թատրոնին»,-իր խոսքում նշեց նա:

Մինչ մրցանակաբաշխության մեկնարկը պատվոգրեր եւ մեդալներ հանձնվեցին մի խումբ թատերական գործիչների, որոնց համար տարին հոբելյանական էր եւ որոնք մեծ ներդրում են ունեցել թատերական կյանքի զարգացման մեջ: Մրցանակների արժանացան Սոնա Մելոյանը, Կարապետ Շահբազյանը, Անահիտ Բաբելյանը, Կարինե Ջանջուղազյանը, Արսեն Ղազարյանը, Աքսաննա Բաբաջանյանը եւ Րաֆֆի Գալստյանը:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակներ ստացան Յուրիկ Ոսկանյանը, Ռազմիկ Խոսրոեւը, Վլադիմիր Հովհաննիսյանը, Սերգեյ Մաղալյանը եւ Ռուբեն Հարությունյանը:

Տիգրան Շամիրխանյանի անվան հատուկ մրցանակը շնորհվեց Հակոբ Ղազանչյանին:

«Լավագույն դերասան» կոչմանն արժանացավ Խորեն Լեւոնյանը («Սասնա ծռեր»), որը, սակայն, ներկա չէր մրցանակաբաշխությանը: «Լավագույն դերասանուհի» ճանաչվեց  Տաթեւ Մելքոնյանը («Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները»):

«Տարվա լավագույն ներկայացման» մրցանակը գնաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ շնորհիվ «Չիպոլինո» ներկայացման:

«Տարվա լավագույն երիտասարդ դերասաններ» ճանաչվեցին Սենիկ Բարսեղյանն ու Վիգեն Թադեւոսյանը: «Տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ»՝ Արմեն Մարգարյանը:

Ստորեւ ներկայացնում ենք մյուս անվանակարգերն ու հաղթողներին.

«Տարվա լավագույն մանկական ներկայացում»՝ «Պոչատ աղվեսը», բեմադրիչ՝ Արմեն Սարգսյան:

«Ներկայացման լավագույն երաժշտության հեղինակ»՝ Վաչե Շարաֆյան, «Սասնա ծռեր»:

«Լավագույն սցենոգրաֆիա»՝ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան, «Սասնա ծռեր»:

«Տարվա լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»՝ Սաթենիկ Հախնազարյան, Աննա Բակլանդինա:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Դավիթ Գասպարյան:

Հատուկ «Արտավազդ» մրցանակներ հանձնվեցին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին, «Հարսանիք թիկունքում» ներկայացման բեմադրիչ Տիգրան Վիրաբյանին եւ Համլետ Ղալաչյանին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE