Exclusive. «Աշխարհիկ ամեն բան այնքան անհեթեթ ու աննշան է թվում». Գեւորգ Գասպարյան, որը հայկական դրոշը ծածանել է Հիմալայների գագաթին

16:03   28 մարտի, 2019

«Լեռներից լավ կարող են լինել միայն լեռները» - Վիսոցկու երգից այս արտահայտությունն առավելագույն ճշգրիտ է բնորոշում Գեւորգ Գասպարյանին, որը երկրում տուրիզմի ոլորտի լավագույն մասնագետներից մեկն է: Քաղաքում նա ձանձրանում է, նրա համար նեղվածք է, լեռներն են ձգում՝ գագաթներին բարձրանալը եւ ամեն անգամ՝ նոր գագաթների... Վերջինը Հիմալայներում Island peak-ն է (6183 մետր)՝  այն լուրջ բարձրություններից մեկը, որոնց վրա, որպես կանոն, բարձրանում են մինչեւ աշխարհի ամենավտանգավոր գագաթ Էվերեստը նվաճելը:

Ի դեպ, Island peak-ը նշված չէր 7 հայ ալպինիստներից կազմված խմբի ծրագրում, որոնք ուղեւորվել էին Կատմանդու: Նախնական նպատակը մինչեւ Everest base camp հասնելն էր, որը տեղակայված է 5364 մետր բարձրության վրա, եւ հակառակ կողմից իջնելը: Բայց Գեւորգ Գասպարյանը ընկերոջ՝ Վահան Ղազարյանի հետ որոշել է կուրսից մի փոքր շեղվել ու (ինչ կա որ) բարձրանալ լեգենդար Island peak-ը: Եվ հաղթահարեցին՝ գագաթին հայկական դրոշը ծածանելով: Գեւորգը NEWS am. STYLE-ի հետ հապճեպ շփվեց արդեն այն ժամանակ, երբ իջնում էր, Կատմանդու վերադառնալու ճանապարհին...

Դե, ինչպե՞ս ես: Ինչպե՞ս ես քեզ զգում: Ճնշումդ նորմա՞լ է:

Հոյակապ: Առողջության եւ ճանապարհին անվտանգության հետ կապված ոչ մի խնդիր չծագեց... Island peak բարձրանալու համար լրացուցիչ սարքերի եւ հագուստի կարիք կար, այդ ամենը մեզ փոխարինաբար տվեցին տղաները:

Գիտեմ՝ անհեթեթ հարց է... Բայց մի՞թե վախ կամ տագնապ չկար:

Հակառակը՝ գրավիչ եւ խելահեղորեն գեղեցիկ էր: Այնքան, որ «աշխարհիկ» ամեն ինչ այնքան անհեթեթ ու աննշան է թվում՝ խնդիրներ, վեճեր, խառնակչություն, ունայնություն... Հոգուդ մեջ հաշտեցում է, անդորր...

Ահա թե ի՞նչն է այնտեղ ձգում: Թե՞, այնուամենայնիվ, ազարտը:

Ո՛չ: Բանն ամենեւին ազարտը չէ: Սա անկրկնելի գեղեցկություն է, առանձնահատուկ: Այն ներսից է մաքրում...

Ուրեմն՝ այլ գագաթների՞ սպասենք:

Այո՛, հաջորդը մյուս տարի՝ 7 հազար մետրն է...

Իսկ Էվերե՞ստը:

Իհարկե, շատ կուզեի, բայց դա առավել քան լուրջ հայտ է. Էվերեստի համար հատուկ նախապատրաստություն է պետք, հատուկ սարքեր, հանդերձանք... Չեմ խոսում այն մասին, որ այս գագաթը «կարժենա» մոտ 60 հազար դոլար (այդքան գումար պետք է վճարել Նեպալին՝ բարձրանալու թույլտվություն ստանալու համար – խմբ.): Դե նաեւ 2 ամիս չլվացվել՝ սա էլ դեռ մի փորձություն է: Կատակում եմ, իհարկե (ծիծաղում է)…

Գեւորգը պետք է ճանապարհը շարունակեր, բայց NEWS.am STYLE-ն անպայման նրա հետ դեռ կզրուցի, առավել եւս, որ նրա ուսերին ոչ միայն ծանր ուսապարկ կա, այլեւ տուրիզմի եւ լեռնագնացության ոլորտում միանգամայն պատկառելի փորձ: Նա շատ բան է արել մեր երկրում այս ոլորտի զարգացման համար, ստեղծել է Arevi Tour ընկերությունը եւ ոչ մեծ, բայց անչափ յուրահատուկ, երկաթե կոնտեյներներից «հավաքած» հյուրանոց Եղեգիսում... Մի խոսքով, զրույցի բազմաթիվ թեմաներ կան, այնպես որ՝ սպասեք...

 Աննա Սաթյան



© NEWS.am STYLE