Հայ-ռուսական համալսարանի Ֆրանսիական երգի ամենամյա միջազգային փառատոնը՝ նվիրված  Շառլ Ազնավուրի հիշատակին (ֆոտո/վիդեո)

20:37   28 մարտի, 2019

Շառլ Ազնավուրի արվեստը կապրի այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհահռչակ շանսոնյեին հիշում են ոչ միայն հասուն, այլեւ կրտսեր սերնդի ներկայացուցիչները: Այսօր` մարտի 28-ին, լեգենդար ֆրանսիահայի արվեստին են անդրադարձել Հայ-ռուսական համալսարանում` ֆրանսիական երգի ամենամյա միջբուհական փառատոնի շրջանակում: Փառատոնն այս տարի նվիրված էր Շառլ Ազնավուրի հիշատակին:

ԵՊՀ-ի, ԵՊԼՀ-ի, Ֆրանսիական եւ Ամերիյան համալսարանների, Պոլիտեխնիկի, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Կոնսերվատորիայի, Շիրակի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին մրցույթին` ներկայացնելով ֆրանսալեզու հայտնի երգեր: Միջոցառման ընթացքում հնչեցին Շառլ Ազնավուրի ամենահայտնի հիթերը` La Boheme, La Mama, Ave Maria, Un vie d’amour երգերը:

Միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը: Նա ողջունեց ուսանողների կազմակերպած միջոցառումը` հավելելով.

«Ֆրանսերեն խոսելը հեշտ չէ, ոչ էլ թարգմանելն է հեշտ, բայց եթե երգում եք Ազնավուր, ուրեմն արդեն ֆրանսերեն հասկանում եք»: Այնուհետեւ կատակով ավելացրեց. «Ես այս տարի չեմ երգի, բայց խոստանում եմ` մյուս տարի կփորձեմ»:

14 մասնակիցներից 3-ն արժանացան հաղթական մրցանակների: Հաղթողներին ընտրեց ժյուրին, որի կազմում էին` հաղորդավարուհի-դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, պրոդյուսեր Զառա Պետրոսյանը, Կարեն Անանյանն ու Նատալի Ցագրիսը:

«Այս արագության դարում շատ անսպասելի ու բացառիկ միջավայր է Սլավոնական համալսարանում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ուսանողներին, որոնք այսօր ամենաթանկը` իրենց ժամանակը, տրամադրեցին մեզ: Դուք, իսկապես, շքեղ էիք, ներկայանալի, յուրաքանչյուրդ իր տեսակի մեջ լավագույնը, բացառիկն ու անկրկնելին»,-նշեց Նազենին` հույս հայտնելով, որ յուրաքանչյուրի մրցանակը կնպաստի զարգացման եւ ինքնակրթության:

«Այս երիտասարդական ավյունը մեր երկրի կարեւորագույն առողջությունն է: Շնորհակալ ենք ձեզ այսպիսի առողջության համար»,-հավելեց հաղորդավարուհին:

Այսպսով, ժյուրիի որոշմամբ` 3-րդ պատվավոր մրցանակին արժանացան Թատրոնի եւ կինոյի պետակսն ինստիտուտի ուսանող Սուրեն Պողոսյանն ու Պոլիտեխնիկից Հեղինե Հայրապետյանը, 2-րդ մրցանակին` Հայ-ռուսական համալսարանի ուսանողուհի Էռնա Թամազյանն ու կոնսերվատորիայի ուսանող Արսեն Զաքարյանը, 1-ին մրցանակը նվաճեց Հայ-ռուսական համալսարանի ուսանողուհի Մարիաննա Մովսիսյանը:

Գրան-պրիին արժանացավ ԵՊՀ Մշակույթի կենտրոնի երգչախումբը, գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան։



© NEWS.am STYLE