«Պարտադիր մեծ եւ աղմկոտ դատ կլինի». Կոնստանտին Օրբելյան

17:31   29 մարտի, 2019

Օրվա գլխավոր մշակութային նորությունը. Կոնստանտին Օրբելյանն ազատված է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Մարտի 28-ին հրամանը ստորագրել է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։ Կոնստանտին Օրբելյանն այս որոշումը մեկնաբանել է այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում՝ հայտարարելով, որ Նազենի Ղարիբյանի փաստարկներն անօրինական են։

Օրբելյանի խոսքով՝ ինքը ոչ մի նախազգուշացում չի ստացել, ավելին՝ Ն. Ղարիբյանն արդեն 9 ամիս է՝ փորձում է իրեն հեռացնել պաշտոնից։ «Նա որոշել է, որ ինձ ոչ լեգիտիմ կերպով են նշանակել այս պաշտոնում: Այսինքն՝ նա կարծում է, թե պետությունը մեկուկես տարի առաջ ինձ նշանակելու իրավունք չի ունեցել,- ասել է Օրբելյանը,- Հնարավոր է՝ մեր երկրում յուրաքանչյուր հաստատություն իր ձեւով է աշխատում, եւ, ամենայն հավանականությամբ, Նազենի Ղարիբյանը չգիտի այն մասին, որ մենք «Արտավազդ» մրցանակի ենք արժանացել։ Այն, ինչ իմ թիմի կողմից արվել է վերջին մեկուկես տարվա ընթացքում, չլսված է ցանկացած թատրոնի համար։ «Չիպոլինո» ներկայացումը, որն «Արտավազդ» մրցանակի է արժանացել, իմ անձնական միջոցներով գնել եմ Մեծ թատրոնից»։  

Այս սկանդալային իրադարձությունը եւս մի նրբերանգ ունի. Օրբելյանը հեռացվել է թատրոնի տնօրենի պաշտոնից, սակայն դեռեւս կատարում է գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։ Եվ նա հաստատել է, որ շարունակում է աշխատանքը. «Ես այստեղ եմ։ Ես մնում եմ։ Ես շատ ժամանակ եւ կյանք եմ ներդրել այս թատրոնում, առջեւում նոր ծրագրեր են»։

Մշակույթի նախարությունը հարցի առնչությամբ այլ դիրքորոշում ունի։ Այդտեղ պնդում են, որ Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցվել են՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ըստ որի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ անձն իրավունք չունի զբաղեցնել մեկ այլ պաշտոն՝ բացի մանկավարժական, ստեղծագործական եւ գիտական աշխատանքից։

Զայրացած են նաեւ թատրոնի աշխատակիցները. «Վաղը՝ ժամը 16։00-ին, մենք Նազենի Ղարիբյանին մեզ հետ հանդիպման ենք հրավիրում»,- հայտարարել են նրանք։ Ի դեպ, հարցին՝ արդյոք թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացումը պայմանավորվա՞ծ է անձնական պատճառներով, Օրբելյանն ասել է. «Գուցե՝ ես նրան դուր չեմ գալիս»։

Եվ ավարտական ակորդը. «Պարտադիր մեծ ու աղմկոտ դատ կլինի»։ Այլ կերպ ասած՝ Օրբելյանը վճռական է տրամադրված եւ հետամուտ է լինելու արդարության։



© NEWS.am STYLE