Ստաս Միխայլովի երեւանյան համերգը պաշտոնապես չեղարկվել է

18:17   29 մարտի, 2019

Ռուս երգիչ Ստաս Միխայլովի` ապրիլի 2-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված մենահամերգը չի կայանա: Այս մասին նշվում է միջոցառման կազմակերպիչ ռուսական К-Концерт ընկերության տարածած պաշտոնական փաստաթղթում:

Համերգի տոմսերը ենթակա են վերադարձման բոլոր այն տոմսարկղերում, որտեղից ձեռք են բերվել: Ռուս հայտնի երգիչ Ստաս Միխայլովը ապրիլի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է ներկայանար «Ես եւ Դու» խորագիրը կրող համերգով:

Նկատենք, որ համերգի չեղարկման մասին տեղեկատվությունը լրատվամիջոցներում, այդ թվում ռուսական լրատվամիջոցներում, հայտնվել է դեռ երկու շաբաթ առաջ։ Ընդ որում, հղում էր արվում արտիստի մենեջերին։

NEWS.am STYLE-ը կապ էր հաստատել Մոսկվայում գտնվող «К-концерт» կազմակերպության հետ եւ մեզ հայտնել էին, որ  «համերգի չեղարկման մասին Միխայլովի մենեջերների կողմից պաշտոնական հաղորդագրություն չեն ստացել»։ Ավելին, «պայմանագրի բոլոր կետերը կատարված են եւ խախտման մասին խոսք անգամ լինել չի կարող»։ Ամեն դեպքում, ըստ ամենայնի, կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել. Ստաս Միխայովը չի գա…

Լուսանկարը՝ KP



© NEWS.am STYLE