Արմեն Սարգսյա՞ն, Հասմիկ Պապյա՞ն, թե՞ Շմավոն Գրիգորյան. ո՞վ կնշանակվի օպերային թատրոնի տնօրեն

22:55   29 մարտի, 2019

Օրն ավարտվում է, սակայն սոցցանցերում եւ լրատվամիջոցներում քննարկման գլխավոր թեման շարունակում է մնալ Մշակույթի նախարարության պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանը, ըստ որի Կոնստանտին Օրբելյանը պետք է ազատի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ղարիբյանը հայտարարել է, որ ինքն արդեն նշանակել է թատրոնի նոր տնօրենին, որի անունը, սակայն, չի նշել՝ վստահեցնելով, որ դա կանի միայն երկուշաբթի օրը՝ թատրոնի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ:

Սակայն կայքերում արդեն իսկ շրջանառվում են որոշ քննարկումներ: Asekose.am –ը գրում է, որ նախարարությունում շրջանառվող լուրերի համաձայն՝ օպերային թատրոնի տնօրենի ժամանկավոր պաշտոնակատար է նշանակվելու մշակութային հրապարակման եւ միջազգային ակտիվ գործունեություն ծավալող երաժիշտ, գիտությունների թեկնածու Շմավոն Գրիգորյանը:

168.am-ի աղբյուրներով էլ՝ թեկնածուների երկու անուն է շրջանառվում՝ օպերային երգչուհի, սոպրանո , ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան եւ «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Արմեն Սարգսյան:

Կայքի հետ զրույցում Արմեն Սարգսյանը հաստատել է շրջանառվող խոսակցությունները՝ նշելով, որ իրեն դիտարկում են Կոնստանտին Օրբելյանին փոխարինող թեկնածու, նաեւ հավելելով, որ այս փուլում պարզ չէ՝ ժամանակավոր պաշտոնակատարն ի՞նքն է լինելու, թե՞ ոչ: Կայքը նաեւ գրում է, որ Արմեն Սարգսյանը երեկ խնդրել է Օրբելյանին հանդիպել, որպեսզի խոսեն եւ հասկանան իրար, Օրբելյանն էլ չի մերժել: Սարգսյանը նաեւ հույս է հայտնել, որ թատրոնում կաշխատի Կոնստանտին Օրբելյանի հետ՝ նշելով, որ նշանակվելու դեպքում առաջինը, ում կդիմի՝ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածու, հենց Օրբելյանը կլինի:

Հարկ է նշել, որ քննարկվող թեկնածուներից ոչ ոք սոցիալական ցանցերում որեւէ գրառում չի կատարել թեմայի շուրջ, սակայն ֆեյսբուքյան օգտատերերից շատերն արտահայտել են իրենց տեսակետը:

Մասնավորապես 168.am-ի ֆեյսբուքյան էջում նյութի հղման ներքո օգտատերերն ներկայացրել են իրենց վրդովմունքը՝ ուղղված Նազենի Ղարիբյանի հրամանին: Շատերին զարմացրել էր նոր տնօրենի նշանակման օպերատիվությունը, ոմանք էլ նշել են, որ Օրբելյանը լավագույն ղեկավարն է եւ ամոթանք տվել ընդունված որոշմանը:

Թե ով է լինելու Օրբելյանին փոխարինողը, պարզ կդառնա երկուշաբթի օրը: Համենայն դեպս՝ Նազենի Ղարիբյանն այսօր այդպես հայտարարեց:



© NEWS.am STYLE