Գեղեցիկ ու յուրօրինակ. առանձնահատուկ արտաքին ունեցող մոդելներ

23:33   1 ապրիլի, 2019

Ժամանակակից աշխարհում ապրանքանիշերը սկսել են բոլորովին այլ կերպ ընտրել մոդելներին իրենց գովազդային արշավների համար։ Ու թեեւ այս կանայք տարբերվում են մյուս մոդելներից, նրանց հաջողվել է ներխուժել նորաձեւության աշխարհ եւ ամբողջ աշխարհին ցուցադրել իրենց գեղեցկությունը։

Մոդել, ով տառապում է Դաունի համախտանիշով

Դաունի համախտանիշով տառապող մոդելներ այսօր արդեն շատ կան, սակայն առաջինն ավստրալացի Մադլեն Ստյուարդն էր։ Նա մասնակցել է Նյու Յորքում նորաձեւության շաբաթին, գրավել Փարիզը, Լոնդոնը, Դուբայը, Չինաստանն ու Ռուսաստանը։ Մադլենը մոդելային կարիերայի մասին երազել է 2014թ․-ից․ առաջին ֆոտոշարքի համար նա ազատվել է ավելի քան 20 կիլոգրամից։

Մադլենը նկարահանվել է այնպիսի ամսագրերի համար, ինչպիսիք են «Vogue», «Cosmopolitan», «Woman’s Day», «Women’s Weekly», «New York Times», «Elle», «Marie Claire», «People» եւ այլն։

Վիտիլիգոյով տառապող մոդել

Հիվանդությունը բնորոշվում է մելանին պիգմենտի անհետացմամբ մաշկի տարբեր հավածներում։ Մաշկին տարբեր ձեւի ու մեծության սպիտակ հետքեր են առաջանում։ Նորաձեւության աշխարհում այս հիվանդությամբ տառապող ամենահայտնի մոդելներից մեկը Վինի Հարլոուն է։ Կանադուհու մոտ հիվանդությունն արտահայտվել է 4 տարեկան հասակում։ Նա հիշում է, որ դպրոցում իրեն ծաղրել են արտասովոր արտաքինի պատճառով։ Նա բազմաթիվ անգամներ փոխել է դպրոցը, իսկ ավագ դասարաններից մեկում թողել է ուսումն ինքնասպանության փորձից հետո։

Հարլոուն մոդելային կարիերան սկսել է 2014թ.-ից America’s Next Top Model շոուից հետո։ Նա հասավ եզրափակիչ եւ գրավեց մի քանի խոշոր ապրանքանիշերի ուշադրությունը, որոնց թվում էին իսպանական Desigual-ը եւ իտալական Diesel-ը։

Ախոնդրոպլազիայով տառապող մոդել

Մոդել Դրյու Պրեստայի հասակը կազմում է մեկ մետր, ինչը նրան չի խանգարում մեծ ծրագրեր կազմել։ Դրյուն ընտանիքի միակ անդամն է, ում մոտ արտահայտվել է հիվանդությունը։ Նա նորաձեւությամբ հետաքրքրվել է վաղ հասակից, թեեւ նրա համար հագուստ ընտրելը բավական բարդ է եղել․ «Ես դիզայներ չեմ եւ չեմ կարողանում կարել, թեեւ ստիպված էին ձեւափոխել հագուստի մեծ մասը, որը գնում էի»։

Դպրոցն ավարտելուց հետո Դրյուն տեղափոխվել է Լոս Անջելես եւ սկսել է նորաձեւության մարկետինգ ուսումնասիրել։ Ավելի ուշ նա աշխատանք է գտել կազմակերպությունում, որը հագուստ էր արտադրում ֆիզիկական առանձնահատկություններ ունեցող մարդկանց համար։ Հենց այնտեղ էլ նա սկսել է մոդելային կարիերան։

«Ինձ համար կարեւոր է վերացնել խոչընդոտները եւ կարծրատիպերը, պատկերացնումները, որոնք մարդիկ ունեն ինձ նման մարդկանց մասին։ Ես ցանկանում էի իմ ձայնն ունենալ նորաձեւության աշխարհում։ Բարեբախտաբար, այսօր աշխարհում բազմաթիվ լավ մարդիկ կան, ովքեր հասկանում են, որ գեղեցկությունը կարող է տարբեր ձեւեր ունենալ»,- նշում է նա։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE