Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Հարբած կապիկի համբույրը» գրքի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը (ֆոտո)

18:46   30 մարտի, 2019

Ռեժիսոր եւ սցենարիստ Մհեր Մկրտչյանին բացի էկրանային աշխատանքներից՝ այսուհետ կարող եք տեսնել, կամ ավելի ճիշտ՝ ընթերցել նաեւ գրական ժանրում: Այսօր՝ մարտի 30-ին, հենց իր ծննդյան օրը, Մհեր Մկրտչյանն ինքն իրեն արեց ամենամեծ նվերը՝ կազմակերպելով իր առաջին գրքի շնորհանդեսը: Այն ռուսալեզու է, կոչվում է «Поцелуй пьяной обезьяны»:

Ռեժիսորի՝ հետաքրքիր վերնագիր ունեցող առաջին գրքի առաջին ընթերցողները շոու-բիզնեսի իր գործընկերներն ու ընկերներն էին, իր ֆիլմերի դերասաններն ու բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Մհեր Մկրտչյանի արվեստով:

Խոսելով գրքի անվան ընտրության մասին՝ ռեժիսորն ասաց.

«Բացատրելու համար, թե ինչու ընտրեցի հենց այս վերնագիրը, պետք է ամբողջ գիրքը պատմեմ, քանի որ վերնագիրը հենց գրքի մեջ է: Իմ բոլոր ստեղծագործությունների թեման` կինոյում, թե թատրոնում, մարդն է: Գիրքը շատ տարբեր բաների մասին է, օրինակ` աղջկա եւ հոր փոխհարաբերությունների:Գրքի վրա աշխատել եմ ինքնուրույն՝ մոտ մեկ ամիս, իսկ հետո, երբ հանձնեցի գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանին եւ ինքն արեց իր ուղղումները, դա եւս մեկ ամիս տեւեց, ու այդպես ծնվեց գիրքը»:

NEWS.am STYLE-ի հարցին՝ արդյոք ռեժիսորի գրական ստեղծագործությունը կունենա՞ էկրանային տարբերակ, Մհեր Մկրտչյանը պատասխանեց.

«Դա լինելու է անպայման: Ես աշխատում եմ այդ ուղղությամբ: Գիրքը փորձարկման մի ձեւ է, եթե տեսնեմ ու զգամ, որ կարդացվում է, ընթերցողը սիրում է, ամեն ինչ կանեմ, որ այն վերածվի ֆիլմի»:

Մհեր Մկրտչյանի խոսքով՝ իր գիրքն առավել կհետաքրքրի 18 տարեկանից բարձր ընթերցողներին:

Խոսելով գրական եւ էկրանային ստեղծագործությունների ոճային տարբերությունների մասին՝ ռեժիսորը նշեց.

«Կինոյի մարդը միշտ ինչ էլ անում է, մեկ է՝ կինո է ստացվում: Երեւի ինքն ավելի կինո է, որքան էլ, որ ես դա չցանկանամ»:

Ինչ վերաբերում է գրքի ռուսերեն լեզվին՝ ռեժիսորն ասում է, որ հայերենով դեռեւս այնքան հեշտ չի ստեղծագործում, որքան ռուսերենով:

Իսկ Արքմենիկ Նիկողոսյանն իր հերթին խոստոցավ, որ եթե գիրքը սիրվի ընթերցողների կողմից, անպայման կլինի նաեւ դրա հայերեն թարգմանությունը:

«Շատ հետաքրքիր համագործակցություն է ստացվել, որովհետեւ ինձ համար նորություն էր աշխատել հայտնի մարդու հետ, որը, սակայն, գրող չէ: Հետաքրքիր փորձ էր աշխատել այդպիսի մարդու հետ, որն ունի գրական նկռտումներ: Եթե նայել եք Մհերի ֆիմերը, սցենարներն ինքնին հետաքրքիր են եւ հետաքրքիր էր տեսնել, թե դա  ինչպես է դառնում գրական ստեղծագործություն: Մհերի հետ աշխատեցինք, որպեսզի ստեղծված կերպարները վերածվեին գրականի: Գրքում շատ հարցեր են քննարկվում, որոնք կհետաքրքրեն մեր հասարակությանը, եւ այդ ամեն ինչը համեմված է հումորով եւ հոգեբանական անցումներով»:

Ինչ վերաբերում է ստեղծագորական այլ նորություններին՝ Մհեր Մկրտչյանը նշում է՝ միշտ էլ մտքեր կան, մնում է դրանք իրագործել:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE