14:45 30 հոկտեմբերի, 2012Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Իրինա Ալեգրովան հրաժեշտ է տալիս իր երկրպագոuներին։ Նա ավարտում է իր շրջագայությունն ու պատրաստվում պարզապես վայելել կյանքը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։ «Ես հասկացա, որ կյանքում շատ բան եմ բաց թողել։ Ուզում եմ վայելել ընտանիքիս ու կենցաղի հետ շփումը։ Անել այն ամենն, ինչ անում են սովորական մարդիկ», - լրագրողներին ասել է երգչուհին։
Երկրպագուներն Ալեգրովային որպես հրաժեշտի նվեր հանձնել են երկու ձեռքով հախճապակե սիրտ բռնած եւ «Մեր սրտերի կայսրուհուն» գրությամբ արձանիկ։ Իսկ Ալեգրովան նշեց, որ թեկուզեւ շատ գնահատում է նվերը, սակայն կնախընտրեր ձկնորսական կարթ ստանալ։ Պարզվում է, Իրինային ձկնորսություն անել սովորեցրել է Վալերի Լեոնտեւը, ով անձամբ տանել չի կարող այն։ Այս զբաղմունքը երգչուհուն այնքան է դուր եկել, որ նա որոշել է «թոշակի անցնելուց» հետո իր ողջ ազատ ժամանակը նվիրել դրան։ «Մինչ հանդիպում ձկնորսության վայրում», - ասել է նա։
Հիշեցնենք, որ Ալեգրովան ավելի վաղ հայտարարել էր. «Ես պատիվ ունեմ հայտարարել իմ հրաժեշտի հյուրախաղերի սկիզբը, սակայն դա ոչինչ չի նշանակում, քանի որ չեմ դնում վերջակետ, այլ՝ բազմակետ»։ Նշանակում է՝ մենք դեռ կարող ենք խենթ կայսրուհուն իր ամբող շուքով տեսնել բեմի վրա։