Իլոն Մասկը ռեփ է կարդում ի հիշատակ գորիլայի. երգը լսել են ավելի քան 1 մլն անգամ

13:11   2 ապրիլի, 2019

SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը երգել է։ Նա ռեփ է կատարել եւ համացանցում հրապարակել իր առաջին կոմպոզիցիան՝ RIP Harambe։ Մասկը երգը նվիրել է գորիլա Հարամբեին, որին 2016թ.-ին գնդակահարել են Ցինցինատի կենդանաբանական այգում։  

Պատմությունը բավական ողբերգական է. 17-ամյա գորիլային սպանել են, երբ կենդանին հետաքրքրվել է վանդակում հայտնված երեխայով։ Վախենալով երեխայի կյանքի համար՝ կենդանաբանական այգու աշխատակիցները գնդակահարել են Հարամբեին։ Կենդանիների պաշտպանները պնդում են, որ գորիլան ակնհայտ ագրեսիա չի ցուցաբերել երեխայի նկատմամբ, պարզապես փորձել է, թեկուզ անճոնի կերպով, օգնել նրան վեր կենալ…

Գորիլայի մասին երգը միլիոնատերը ներբեռնել է SoundCloud, եւ ընդամենը մի օրվա ընթացքում այն լսել են մոտ 1 մլն անգամ։ «Կրակ», «Իլոնի մոտ մարդասիրության վերելք է», «Կա՞ ինչ-որ բան, որն այդ մարդը չի կարողանում անել»,- մեկնաբանել են օգտատերերը։ Նրանց մի մասն այն կարծիքին է, որ Մասկը պարզապես զբաղմունք չունի, եւ երգը միջակություն է։



© NEWS.am STYLE