Շեյխա Մոզան դիզայներ Գրիգոր Ջաբոտյանին խոշոր գրանտ է շնորհել

11:16   2 ապրիլի, 2019

Քաթարի մայրաքաղաք Դոհայում  անցկացվել է «Fashion Trust Arabia» ֆոնդի մրցույթը, որը կազմակերպվել է ի աջակցություն մոդելյերների Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում։

«Լավագույն երեկոյան զգեստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Էլի Սաաբի աշակերտը՝ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը։ Դիզայները մրցանակը ստացել է արեւելքի ամենագեղեցիկ կնոջից՝ Քաթարի նախկին էմիրի կին Շեյխա Մոզայից։

«Շնորհակալ ենք այս անհավանական նախաձեռնության համար եւ հպարտանում ենք, որ նման մրցանակի ենք արժանացել։ Շնորհակալություն Շեյխա Մոզային եւ բոլոր առնչակիցներին այս անմոռանալի տպավորությունների համար»,- Facebook-ի իր էջում գրել է Ջաբոտյանը։

Որպես մրցանակ՝ Գրիգոր Ջաբոտյանի նորաձեւության տունը 200 հազար դոլարի չափով գրանտ կստանա։ Միջոցառմանը մասնակցել են Նաոմի Քեմփբելը, Ալեսանդրա Ամբրոսիոն եւ Նատալյա Վոդյանովան։ Ժյուրիի կազմում էին դիզայներներ Վիկտորյա Բեքհեմը եւ Պյերպաոլո Պիչոլին։

Հայտնի կուտուրյեի՝ Էլի Սաաբի աշակերտը՝ Գրիգոր Ջաբոտյանն աշխարհի ամենահաջողակ, երիտասարդ եւ էլիտար դիզայներներից մեկն է։ Նա հիասքանչ երեկոյան եւ հարսանեկան հավաքածուներ է ստեղծում։ Նրա հաճախորդներից են Հորդանանի թագուհի Ռանիան, Քեմբրիջի դքսուհին՝ Քեթրին Մոդլթոնը, հոլիվուդյան աստղեր Հելեն Միրենը, Ռեյչել Վայսը, Դիտա ֆոն Թիզը, Իվանկա Թրամփը եւ այլք։



© NEWS.am STYLE