Ապրիլի պրեմիերաները. Արժի կինոթատրոն հաճախել

20:33   2 ապրիլի, 2019

Նոր ամիսը նշանակում է նոր պրեմիերաներ: NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում ապրիլի պրեմիերաները:

Շազամ

«Ակվամենը» ցույց տվեց, որ DC-ն, ամեն դեպքում, կարող է ֆիլմեր նկարահանել, որոնք հանդիսատեսը կհավանի: Իսկ հիմա էկրան է բարձրացել էլ ավելի զարմանահրաշ հերոս Շազամը:

Բիլի Բեթսոնը պետք է բղավի ընդամենը մեկ բառ՝ ՇԱԶԱՄ, որպեսզի հնարամիտ 14-ամյա տղեկից վերափոխվի միանգամայն հասուն սուպերհերոս Շազամի, եւ այս ամենը հին մոգի շնորհիվ:

Հոգու խորքում նա երեխա է մնում՝ թկուզ մեծահասակի հզոր մարմնի մեջ, ուստի վարվում է այնպես, ինչպես կվարվեր գերունակություններ ստացած ցանկացած դեռահաս՝ այս մեծացած տարբերակում բոլոր հնարավորություններով ձգվելով ինքն իրեն:

Բայց նա ստիպված է արագ վերահսկողություն հաստատել իր ընդունակությունների վրա, որ մարտնչի դոկտոր Թադեուս Սիվանիի՝ չարի մահաբեր ուժերի դեմ:

Պրեմիերան ապրիլի 4-ին:

Հելբոյ



Հանդիսատեսն այդպես էլ չկարողացավ դիտել Գիլյերմո Դել Տորոյի «Հելբոյի» 3-րդ մասը, քանի որ, որքան էլ անհամ հնչի պատճառը, նախագիծը փակեցին: Բայց դրա փոխարեն մեզ առաջարկեցին կարմիր սատանայի մասին ֆրանշիզայի վերբեռնումը: Տեսնենք, թե դրանից ինչ կստացվի:

Մոտենում է Հելբոյի ճակատամարտի ժամը Արյունախում թագուհու հետ, որը տենչում է ամբողջ մարդկությունից վրեժխնդիր լինել դարավոր մեկուսացման համար: Հայտնվելով մարդկանց եւ հրեշների աշխարհների բախման կիզակետում՝ Հելբոյը պետք է դժոխքով անցնի, որպեսզի կանխի վերահաս ապոկալիպսիսը:

Էկրաններին կլինի ապրիլի 11-ից:

Տնային կենդանիների գերեզմանոցը



Մեր օրերում որակյալ սարսափ ֆիլմեր գրեթե չեն նկարահանում, ուստի այնպիսի տպավորություն է, որ միակ հույսը Սթիվեն Քինգի գրքերի էկրանավորումն է:

Լուիս Կրիդի ընտանիքը տեղափոխվում է գյուղական տուն, որը, ինչպես պարզվում է, տնային կենդանիների մռայլ գերեզմանոցի կողքին է: Լուիսը հենց այստեղ է թաղում ընտանիքի սիրելիին՝ կատվին, որը զոհվում է բեռնատարի անիվների տակ: Այս մահը իր հետեւից կբերի սարսափելի իրադարձությունների հերթագայություն, որոնք Կրիդներին կապացուցեն, որ մեռյալները պետք է մահացած մնան…

Կինոթատրոններում դիտեք ապրիլի 4-ից:

Վրիժառուները. Ավարտ



Ինչ կարող ես ասել, անվերջության սագայի մասին եզրափակիչ գլուխն է, որը տեւում է արդեն 11 տարի: Marvel-ը մեզ է ներկայացնում ֆիլմ, որը ոչ պաշտոնապես համարվում է ամենասպասվածը:

Վրիժառուների խմբի ողջ մնացած անդամները եւ նրանց դաշնակիցները պետք է նոր ծրագիր մշակեն, որը կօգնի դիմակայել հզոր տիտան Տանոսի կործանարար գործողություններին: Պատմության մեջ առավել մասշտաբային եւ ողբերգական ճակատամարտից հետո նրանք չեն կարող սխալ թույլ տալ:

Էկրաններին կլինի ապրիլի 29-ից:

P.S.

Պատուհանից դուրս ձյուն է տեղում, եւ գլխումս ծնվում է միտքը՝ ձմեռը մոտ է: Իսկ հետո նաեւ՝ ապրիլ, նշանակում է «Գահերի խաղի» վերջին եթերաշրջան: Ձմեռն իսկապես եկավ:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE