Քար լռություն ու հույզեր. Սարգիս Գրիգորյանի մասնակցությամբ «Անմահների երկիրը» ներկայացումը՝ նվիրված հերոս տղաներին (ֆոտո)

23:04   2 ապրիլի, 2019

Պատանի հանդիսատեսի թատրոնի այսօրվա պրեմիերան հատուկ էր. այն նվիրված էր անմահ հերոսներին, որոնք իրենց արյան ու կյանքի գնով պայքարել ու պայքարում են հայրենիքի համար:

Ռեժիսոր Դավիթ Հարությունյանի «Անմահների երկիրը» ներկայացման գլխավոր հերոսը Գարեգինն է (Սարգիս Գրիգորյան). նա լրագրող է, որը հայտնվում է սահմանին` զինվորների կյանքի, առօրյայի ու կռվի մասին տեսանյութեր պատրաստելու նպատկով: Ինչպես սահմանին եւ, առհասարակ, Հայոց բանակում առաջին անգամ ոտք դրած երիտասարդ` Գարեգինը միանգամից չի ընկալում իրադրության լրջությունը, ինչի պատճառով միանշանակ չի ընդունվում սահմանապահ զինվորների կողմից: Սակայն Գարեգինի եւ մյուսների ճակատագիրը միանգամից փոխվում է սահմանին տեղի ունեցած մեծ ռմբակոծության ու պայթյունի հետեւանքով…

Ի տարբերություն իր հերոսի՝ Սարգիս Գրիգորյանը շատ լավ ծանոթ է Հայոց բանակին, սահմանին ու ծառայության դժվարություններին:

«Ես էլ եմ ծառայել երկու տարի՝ Վայքում: Քաջ գիտակցում եմ այդ ամենը: Հիմա յուրաքանչյուր երեխա, երբ ծնվում է, այդ գիտակցությունը նրա հետ է ծնվում: Կարիք չկա լինել 1915 թ-ում, որ զգաս ցեղասպանությունը: Մեր նախնիները դա մեզ ժառանգաբար փոխանցել են ու դա երեւում է մեր աչքերում»,-ասում է դերասանը, որն, ի դեպ, երկար դադարից հետո թատրոն վերադարձել է հենց այս ներկայացմամբ:

«Հուզված եմ, պարտավորված, որովհետեւ այսօրվա հանդիսատեսի 80 տոկոսը զինվորներ, սպաներ ու զոհված տղաների ծնողներ էին: Հիմա անհամբեր սպասում եմ, որպեսզի նայեմ նրանց աչքերի մեջ ու տեսնեմ՝ գոհունակություն կա՞: Դահլիճից զգացի քար լռություն: Ակնկալում էի, որ ծափեր չեն լինելու, հանդիսատեսը ամեն մի պահը, ամեն մի գործողությունը պիտի նայեր, ու հիմա ուզում եմ հասկանալ՝ ստացվե՞լ է, թե՞ ոչ: Մենք թիմով շատ ենք աշխատել, մնացածը հանդիսատեսը պիտի ասի: Շատ լավ կարծիքներ եմ լսել, թեպետ մի երկու քննադատություն էլ է եղել, բայց դրանց էլ նորմալ եմ վերաբերվում: Կարծում եմ՝ նման ներկայացումներ շատ պիտի լինեն: Մենք պիտի մեր երիտասարդներին պատրաստենք, որ ամեն րոպե կարող է սկսվել պատերազմ ու մենք պարտավոր ենք գնալ ու պաշտպանել մեր մայրերին ու քույրերին: Իսկ նման ներկայացումներն ավելի մեծ ոգի են տալիս երիտասարդներին»,-վստահ է նա: Սարգիսը խոստովանում է՝ ներկայացման ամբողջ ընթացքոում լարված է եղել, ասում է՝ «Սա այնպիսի ներկայացում է, որ եթե մեկ-երկու նախադասություն էլ սխալվես, դժվար կլինի ամեն ինչ ետ բերել»:

Իսկ իր հերոսի սկզբնական թեթեւությունը խիստ չի դատում.

«Քաղաքից եկած սովորական տղա է, նրան պետք չէ մեղադրել, նա պարզապես տեղյակ չէ այդ ամենից: Ուղղակի, երբ նման տեղ ես գնում, պետք է զգույշ լինես ու հասկանա՝ ինչու ես եկել: Տղաները կարողացան նրան ճիշտ ուղու վրա դնել, եւ նա դարձավ այն տղաներից մեկը, որոնք այսօր սահմանին կանգնած են»:

«Անմահների երկիրը» պիեսի հեղինակը Էդուարդ Զորիկյանն է, պրոդյուսերը՝ Արմեն Միրզոյանը, բեմադրող նկարիչ՝ Կարեն Գրիգորյան, կոմպոզիտոր՝ Արման Էլբերտ: Դերերում հանդես են եկել նաեւ Հայկ Սարգսյանը, Գեորգի Հովակիմյանը, Իշխան Ղարիբյանը, Աշոտ Հակոբյանն ու Հովհաննես Հաջինյանը:

Ներկայացումը կբեմադրվի նաեւ ապրիլի 6-ին եւ 7-ին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE